Երևանում կգործի էլեկտրական սկուտեր վարելու արագության առավելագույն սահմանաչափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում անհատական շարժունակության միջոցներ (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) վարելու առավելագույն սահմանաչափ կսահմանվի 25 կմ/ժ-ը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները: Օրինակ՝ մինչև 18 տարեկանները անհատական շարժունակության միջոցներ կկարողանան վարել միայն սահմանված վայրերում:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում լրացում է կատարվել արագության սահմանափակման հետ կապված:

«Առաջարկվել էր էլեկտրական անհատական տեղաշարժման տրանսպորտի համար Երևանում առավելագույն արագություն սահմանել 20կմ/ժ-ը: Կառավարության առաջարկն է սահմանել առավելագույնը 25 կմ/ժ արագությունը»,-ասաց Համբարյանը:

Նրա խոսքով՝ այս պահին սահմանափակում, ըստ էության, չկա, նման սարքավորումների արագությունը միջինացված 40 կմ/ժ է լինում:

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:




Լրահոս