ՖՈՏՈ․ Կառավարությունը կալանավորել է մարդկանց՝ իշխանությանը քննադատող առցանց ելույթի պատճառով․ Freedom House

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն ինտերնետում 2024» թվականի զեկույցը, որը Հայաստանը դասակարգել է «ազատ» ինտերնետով երկրների շարքում։ Վերլուծությունն արված է  2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։ Հայաստանին վերաբերող մասում կարդում ենք.

«Հայաստանի առցանց միջավայրը մնում է բաց և թափանցիկ, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները։

Այնուամենայնիվ, կառավարությունը կալանավորել է մարդկանց իշխանությանը քննադատող առցանց ելույթի պատճառով, և երկրում անհատները հաճախ ենթարկվել են լրտեսող ծրագրերի հարձակմանը՝ գաղտնալսվել են։

1․Հաշվետու ժամանակահատվածում վեբ կայքերի կամ սոցիալական մեդիայի հարթակների արգելափակումներ չեն արձանագրվել՝ ի տարբերություն լուսաբանման նախորդ ժամանակաշրջանների:
2․ 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը խուլիգանության մեղադրանքով կալանավորվեցին և դատապարտվեցին երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող դրվագ հրապարակելուց հետո։
3․ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունը կյանքի կոչեց ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և գործողությունների ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել կառավարության և մասնավոր հատվածի կարողությունները այս ոլորտում և էլ ավելի խթանել մեդիա գրագիտությունը:
4․2024 թվականի հունվարին Anonymous Russia հաքերային խումբը նախաձեռնել է բաշխված ծառայության մերժման (DDoS) հարձակումներ մի քանի կայքերի դեմ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, բանկերի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների:

Քաղաքական ակնարկ

Հայաստանը զգալի անցում ապրեց 2018-ի զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո, որոնք դուրս մղեցին արմատացած քաղաքական էլիտային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է զբաղվել երկարամյա խնդիրների, այդ թվում՝ համակարգային կոռուպցիայի, անթափանց քաղաքականության, թերի ընտրական համակարգի և թույլ օրենքի գերակայության հետ: Երկիրը լրջորեն տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումից։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որը փաստացի անկախություն էր վայելում Ադրբեջանից 1994 թվականից, բռնի տեղահանվեց Հայաստան այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը ջախջախեց տեղական պաշտպանական ուժերին և լիովին վերահսկեց տարածքը։

Վրաստանը նույն ցուցանիշն ունի, ինչ Հայաստանը, իսկ Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների շարքում է, ազատության ցուցանիշը այստեղ շարունակել է անկում ապրել։

Էմմա Միքայելյան




Լրահոս