Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղը Վալենսիա ու Չիվա քաղաքներին մեծ վնասներ է պատճառել, աղետի հետևանքով 214 մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Իշխանությունները տուժած շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել չլքել իրենց տները։
Վարչապետ Պեդրո Սանչեսը եռօրյա ազգային սուգ է հայտարարել: Ծայրահեղ պայմանները շարունակվում են՝ սահմանափակելով փրկարարական աշխատանքները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին մի քանի ժամում Վալենսիայի շրջանում ամբողջ տարվա ծավալով անձրև է տեղացել։
Վերջին անգամ Վալենսիայում խոշոր ջրհեղեղներ են տեղի ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։ Աղետի հետևանքով զոհվել էր 3 մարդ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ օգնելու իր երկրին վերականգնվել այս դարում մայրցամաքի ամենաուժեղ ջրհեղեղից հետո։
Ջրհեղեղից տուժած Վալենսիա այցելած Իսպանիայի թագավոր Ֆելիպեի և թագուհի Լետիցիայի վրա զայրացած բնակիչները ձվեր, քարեր, ցեխ են նետել։
CNN-ի փոխանցմամբ, նրանք թագավորի հետ աղետի գոտի եկած պաշտոնյաներին դիմավորել են սուլոցներով, «մարդասպան» վանկարկումներով։ Օգնության են հասել անվտանգության աշխատակիցները, որոնք բացել են հովանոցները՝ պաշտպանելու թագավորին ու մյուսներին։
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Զոհերի թվում է նաև 70-ամյա մի կին, որի մարմինը հայտնաբերվել է իր տնից ավելի քան 12 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքացիները պաշտոնյաներին մեղադրում են աղետին դանդաղ արձագանքելու, ինչպես նաև աղետը կանխելու համար գործողություններ չձեռնարկելու համար։
Español պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ ավելի քան 250 մարդ համարվում է անհետ կորած։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան