Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդուրժողականության միջազգային օրը ամենամյա տոն է, որը նշվում է նոյեմբերի 16-ին:  Այս միջազգային օրը հանդիսավորությամբ հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում (№ 5.61 բանաձև)։

Ըստ հռչակագրի՝ հանդուրժողականություն նշանակում է հարգել, ընդունել և ճիշտ հասկանալ աշխարհի մշակույթների հարուստ բազմազանությունը, ինքնարտահայտման ձևերն ու մարդկային անհատականության միջոցները։ Հռչակագիրը սահմանում է, որ «մարդիկ իրենց բնույթով տարբերվում են արտաքին տեսքով, դիրքով, խոսքով, վարքագծով և արժեքներով, իրավունք ունեն ապրել աշխարհում և պահպանել իրենց անհատականությունը»։

Հռչակագիրը դիտարկում է անհանդուրժողականության հետևանքով մարդկությանը սպառնացող վտանգները, առաջարկում անհանդուրժողականության դեմ պայքարի մեթոդներ և ծրագրեր։

Պատմություն

1997 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան (№ A/RES/51/95 բանաձև) նաև ՄԱԿ-ի անդամ պետություններին առաջարկել է նշել այն որպես Միջազգային օր։ Գլխավոր ասամբլեան այս բանաձևում հղում է կատարում հանդուրժողականության վերաբերյալ ՄԱԿ-ի տարվա մասին իր որոշումներին, վկայակոչում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որում սահմանվում է, որ հանդուրժողականության սկզբունքը պետք է կիրառվի պատերազմների կանխման ժամանակ, նկատի է առնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը հաստատելու մասին։

Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ 2005 թվականին հղած իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ անհանդուրժողականության դեմ պայքարը ՄԱԿ-ի գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է։ Բնակչության աճի և միգրացիայի ավելացման պայմաններում ամբողջ աշխարհում այլատյացության և ծայրահեղականության աճ է տեղի ունեցել։ Հանդուրժողականություն, ինչպես ուղերձում է ասվել, նշանակում է, որ պետք է ավելի շատ բան իմանալ միմյանց մասին, բացահայտել միմյանց ավանդույթներն ու հավատալիքները։ Պետք է հարգել միմյանց որպես անհատներ, որոնք ինքնուրույն են որոշում իրենց ինքնօրինակությունը, կրոնական և մշակութային պատկանելությունը, որպես անհատներ, որոնք հասկանում են, որ մենք կարող ենք գնահատել մեր առանձնահատկությունները՝ չատելով մյուսներինը։

ՅՈՒՆԵՍԿՕ

1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մադանջիթ Սինգհի մրցանակ է սահմանել հանդուրժողականության և ոչբռնության խրախուսման համար։ Մրցանակը սահմանվել է Մադանջիթ Սինգհի (Madanjeet Singh) միջոցներով։ Շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ Հանդուրժողականության միջազգային օրը, կազմակերպություններին և անձանց՝ հանդուրժողականության և ոչբռնության հաստատման գործունեության համար։




Լրահոս