Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, որի տախտակամածին եղել է 45 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ 16 մարդու հաջողվել է փրկել։ Նրանցից մի քանիսին փրկել են ուղղաթիռով, այնուհետև տեղափոխել հիվանդանոց։
Ըստ այլ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների՝ տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող նավը հնգօրյա ջրասուզման շրջագայության էր ուղևորվել նոյեմբերի 24-ին Պորտ Ղալիբ առողջարանի նավահանգստից և պետք է Հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 05:30-ին փրկարարներն ազդանշան են ստացել, որ նավն աղետի է ենթարկվում Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող Մարսա Ալամ ծովափնյա քաղաքից դեպի հյուսիս ընկած շրջանում, ինչից հետո կապը նավի հետ դադարել է։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։