Ընդունված ավանդույթ է, որ Ամանորին նախորդած և հաջորդած օրերը ոչ աշխատանքային հանգստյան օրեր են, սակայն սպիտակ մորուքով և կարմիր վերնահագուստով Ձմեռ պապիկների և սպիտակափայլ զգեստով Ձյունանուշների համար տոները ամանօրյա եռուն աշխատանքային օրեր են։ Իսկ ով և ինչպես է նրանց վարձատրում, եկեք հասկանանք միասին։
Ամանորի նախաշեմին և դրանից հետո գեղեցիկ կերպարներով Ձմեռ պապիկները և Ձյունանուշները շրջում են Երևանի փողոցներով, զվարճացնում են երեխաներին, նրանց համար ասմունքում, մաղթանքներ հղում, իսկ դրա դիմաց կա՛մ իրենք են գումար պահանջում, կա՛մ արդեն կարծրացած ձևաչափով ծնողները իրենք են գումար առաջարկում։
ArmLur.am-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ Երևանի տարբեր հատվածներում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան հավաստագրում, որը թույլ կտա նրանց գործունեություն իրականացնել նախապես սահմանված վայրում։
«Այս գործընթացն ամենամյա գործընթաց է․ անցկացվում է Ձմեռ պապիկների և Ձյունանուշների ընտրություն, այլ կերպ ասած՝ քասթինգ։ Այս գործընթացի նպատակն այն է, որ այն անձինք, ովքեր հավակնում են ծառայություններ մատուցել սահմանված վայրերում, պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների։ Դրանց թվում են կոկիկ արտահագուստը, կերպարներին բնորոշ արտաքինը, հաջորդ կետով պետք է համապատասխանեն խոսքով՝ ունենալով գեղեցիկ խոսք, տիրապետեն ստեղծագործական խոսքին, խոսքի կուլտուրային։ 3-րդ պայմանով պետք է հստակ սահմանվեն այն տարածքները, որտեղ տվյալ անձինք տոնական օրերին իրավունք ունեն ծավալելու գործունեություն»,- փոխանցեցին քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը իրականացնելու է շրջայց հավաստագրված անձանց աշխատանքը հսկելու համար, որ բացառվեն կանոնների խախտումն ու անհամապատասխանությունը, իսկ թե ով և ինչպես է վերահսկում ամանորյա կերպարների կողմից գումար վերցնելու գործընթացը, հարցական է։
Քաղաքապետարանից փոխանցեցին, որ օրենքով սահմանվում է միայն այն, որ հավաստագրված կերպարները գումար չպետք է վերցնեն, իսկ վերցնելու գործընթացը չի վերահսկվում։
Դեռ երկար ժամանակ ընդունված ավանդույթի համաձայն՝ կերպարները վճարվում են, որ ծնողն «ինչքան կարողանա՝ այդքան տա»։ Մյուսներին հավաստագրմամբ առանց վճարի դրսում է տեղ տալիս քաղաքապետարանը, իսկ իրավաբանական անձանց դեպքում անհատ ձեռներեցների հետ պատշաճ պայմանագիր է կապում պատշաճ հաստատված գումարով և ծառայություններով, իսկ օրինակ ճանապարհներին շրջող մեկ Ձմեռ պապիկ կարող է մեկ լուսանկարի համար հազար դրամ գումար պահանջել, ինչը ոչ մի կերպ վերահսկելի չէ։
Եթե շարժվենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի սահմանած ասույթներով, ապա կարող ենք ասել, որ քաղաքի փողոցներում շրջող Ձմեռ պապիկները և Ձյունանուշները հերոսներ չեն, քանի որ հարկ չեն վճարում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան