ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին կայանալիք նիստում, որոշում կկայացնի 236 մլն եվրո նոր վարկ կվերցնի Եվրոպական ներդրումային բանկից և Ասիական զարգացման բանկից։ Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Հայաստանի Հանրապետության կողմից:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Դիմակայուն և ներառական տնտեսական միջանցքի բարելավման ծրագրի» համար վարկ տրամադրելու մասին համաձայնագրով համաֆինանսավորվող Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը։
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են՝
- ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցում,
- 3 թունելների, 16 կամուրջների, 83 հեղեղատների, 28 հենապատերի կառուցում,
- անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:
Նախատեսվում է աշխատանքներն իրականացնել կլիմայադիմացկուն շինարարության մեթոդների, կանաչ ճանապարհների սկզբունքների և շահագործման ու պահպանման լավագույն փորձի ներդրմամբ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ․ նոյեմբերը, շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2031թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2033 թ․ նոյեմբեր։
Էմմա Միքայելյան