«Երբ հասարակությունը հասկանա, որ պետք է տեր կանգնի իր պահանջներին, ու հավաքվի հրապարակում, այդ ժամանակ էլ արտահերթ ընտրությունները կկայանան»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանական վերնախավում վերջերս տեղի ունեցող փոփոխությունները: Նրանք դա պատճառաբանում են ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստվելու մտադրությամբ: Ինքներդ հավատո՞ւմ եք դրան:
-Ո՛չ, չեմ հավատում: Տեղի ունեցողն ընդամենը սովորական խաղեր են, եւ ժամանակի ընթացքում այդ մարդիկ նորից մի կերակրատաշտակի մոտ կհայտնվեն: Այնպես որ, այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում:
-Այդ դեպքում ինչո՞ւ են գնում նման քայլերի:
-Ընդամենն իմիտացիա են անում` ժողովրդին ցույց տալու համար, թե ինչ-որ քայլեր են կատարում: Բայց ես ինքս չեմ հավատում այդ փոփոխություններին:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն իր կողքից հեռացնում է անվստահելի մարդկանց, իր դիրքերն է ամրապնդում:
-Սերժ Սարգսյանի կողքին վստահելի մարդիկ չկան, լավագույն դեպքում` մի քանի հոգի: Մարդիկ, որոնց հեռացնում է իր կողքից, ժամանակին Սերժ Սարգսյանի կողքից հեռացրին նրա իսկական վստահելի մարդկանց:
-Բայց ինչո՞ւ չեք հավատում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Իշխանությունները միջազգային բարձր ամբիոններից խոստացել են այդ մասին: Ի՞նչն է պատճառը, որ նրանք չեն կարող նորմալ ընտրություններ անցկացնել:
-Այսքան տարիների մեր պայքարը հենց այդ նպատակով է, որ գոնե մեկ անգամ ազատ ու արդար ընտրություններ անցկացնեն: Իսկ իշխանական ճամբարում այն թիմը չի ձեւավորվել, որ կարողանան նորմալ, արդար ընտրություններ անել, որովհետեւ այնտեղ մեծամասամբ վարկաբեկված մարդիկ են ու իրենց պաշտոնը պահելու համար պատրաստ են գնալ ցանկացած անարդարության:
-Այս համատեքստում ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը. չորս տարի շարունակ ընդդիմությունը պայքարում է այդ ուղղությամբ, բայց դեռ չի հասել իր վերջնական նպատակին:
-Ընդդիմությունն անում է իր անելիքը: Վերջիվերջո, անգամ այս իշխանություններն են հասկանում, որ մեր երկրում պետք է նորմալ քաղաքական մթնոլորտ ձեւավորվի, ու գնանք նորմալ, քաղաքակիրթ ընտրությունների: Ու եթե այսօր իշխանությունները, թեկուզ իմիտացիա անելով, բայց եւ խոսում են ազատ, արդար ընտրությունների մասին, ընդդիմության շնորհիվ է: Մենք մյուսների նման հանքային ռեսուրսներ` նավթ ու գազ, չունենք: Մեր միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է: Այնպես որ, արտահերթ ընտրությունների անցկացումը` լինեն դրանք նախագահական, թե խորհրդարանական, այլընտրանք չունեն:
-Այսքան տարվա մեջ ընդդիմությունն ինչո՞ւ դեռ չի հասել իր ուզածին:
-Դեռ ժամանակ կա, կհասնենք: Ես վստահ եմ դրանում: Կոնգրեսը երկրում արդեն քաղաքական մթնոլորտ է փոխել: Եթե Հայ ազգային կոնգրեսը չլիներ, հավատացե՛ք, երկիրն այսօր շատ ավելի վատ վիճակում կլիներ:
-Տպավորություն է, որ ժողովուրդը հոգնել է ոչ միայն իշխանություններից, այլեւ Հայ ազգային կոնգրեսից:
-Եթե ժողովուրդը հոգնի Կոնգրեսից, նշանակում է` հոգնել է ինքն իրենից: Բայց Կոնգրեսից հասարակությունը երբեք չի հոգնի:
-Հասարակությունը կարծես թե Կոնգրեսից վճռական գործողություններ է պահանջում, ուզում է կոնկրետ արդյունք տեսնել:
-Հանրահավաքի ժամանակ հասարակությունը շուրջօրյա հանրահավաքի մասին լսելիս պահանջում էր` «հիմա»: Բայց հետո մեծ մասը գնաց տուն, եւ մնացին մնացածները: Այնպես որ, երբ հասարակությունը հասկանա, որ պետք է տեր կանգնի իր պահանջներին ու հավաքվի հրապարակում, այդ ժամանակ էլ արտահերթ ընտրությունները կկայանան: Ժամանակի ընթացքում ժողովուրդը կհասկանա, որ փրկությունը տարբեր դեսպանատների դռները բախելը չէ: Ավելին, մեր երկրի ամենամեծ վտանգն արտագաղթն է, դա մեծ չարիք է, որը երկիրը տանում է կործանման: Այնպես որ, ժողովուրդը ոչ թե դեսպանատներ պետք է գնա, այլ գա հրապարակ` պայքարելու, հաղթելու համար:
ՎՍՏԱՀԵԼԻՆԵՐԻՆ ՎԱՂՈՒՑ ԵՆ ՀԵՌԱՑՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ