ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով Եմենի հութի ապստամբները, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «Անսար Ալլահ», սահմանվում են որպես «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն», հայտարարել է Սպիտակ տունը:
Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի օրոք հութիները ներառվել էին «հատուկ նշանակության համաշխարհային ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում։ Սա ավելի քիչ սահմանափակող դասակարգում է: Մինչդեռ Թրամփի որոշումը նպատակ ունի վերականգնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության ավելի խիստ և սահմանափակող կարգավիճակը:
Թրամփի գործադիր հրամանում ասվում է, որ հութիները «բազմաթիվ հարձակումներ են իրականացրել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ներառյալ մի քանի հարձակումներ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օդանավակայանների վրա և 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 300 արկ են արձակել Իսրայելի ուղղությամբ»: 2023-ի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ անց հութիները հարձակումներ են սկսել Կարմիր ծովում և Ադենի ծոցում նավերի վրա՝ պնդելով, որ այդկերպ աջակցում են պաղեստինցիներին: Նրանք նաև նշել են, որ Իսրայելին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային պատկանող նավերը «լեգիտիմ թիրախներ» են հարվածների համար: