Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո շարունակում է ուժի մեջ մնալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, թե ՀՀ կառավարության կողմից ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին հավանություն տալը ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մեկնարկն է:
Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովային լրագրողները նաև հիշեցրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը կընդունվի նաև Հայաստանի խորհրդարանի կողմից։
Մարիա Զախարովան նախ նշել է, որ Օվերչուկի հայտարարությունը հիմնված է եղել իրականության, տնտեսության, օրենքների և դրանց ըմբռնման վրա։
«Պարոն Օվերչուկը բացատրել է օրինաչափությունները, այլ ոչ թե արել է քաղաքական և իրականությունից կտրված հայտարարություններ։ Դա հարցի էության պարզաբանումն էր»,- ասել է Զախարովան։
Զախարովան նաև հավելել է, որ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ հարցերը։