«Ես իմ մեքենան ունեմ, բայց դեմ եմ տրանսպորտի թանկացմանը»․ երգչուհի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական տրանսպորտի թեման  շարունակում է քաղաքացիների կողմից մնալ թիվ մեկ քննարկվածը:

Թեման, իհարկե, խոցելի է շատերի համար և դարձել է զայրույթի պատճառ։

Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի ուղետոմսերի սակագները փոփոխվելու են, այսինքն դադարելու են արժենալ 100 դրամ։

Այս թանկացումներին ընդառաջ սպասվում են բողոքի ակցիաներ, սակայն մինչ այս պահը տեղի են ունեցել իրազեկման ակցիաներ, ստորագրահավաքներ։

Դեռ 2013 թվականին ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից դառնալու է 150 դրամ։

Այս ամենը, ինչպես և հիմա, այն ժամանակ էլ անտարբեր չի թողել շատերին։ Շատ հայ հայտնիներ սոցիալական ակցիաներ են իրականացրել, հոլովակներով էլ հայտնել իրենց դժգոհությունը փոփոխվող գնի հետ կապված։ Ակցիաներին մասնակցել են օրինակ Վաչե Թովմասյանը, Անդրանիկ Հարությունյանը, լուսահոգի Լալա Մնացականյանը, Աբել Աբելյանը, ԱԺ այսժմյան նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք։

Անգամ կար կարգախոս, որում ասվում էր՝ «ամոթ չէ վճարել 100 դրամ, ամոթ է վճարել 150 դրամ, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը»։

Վերադառնալով մեր օրեր՝ կարելի է նկատել, որ շատ քիչ հայտնիներ են այժմ պայքարում տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների դեմ, սակայն կան նաև այնպիսի անձինք, որոնք չեն լռում։

Չլռողներից մեկն օրինակ երգչուհի Արմինե Գրիգորյանն է, ով անգամ ստորագրահավաքի է միացել։

ArmLur.am-ը կապ է հաստատել երգչուհու հետ՝ պարզելու՝ ինչպե՞ս է եկել այդ որոշմանը, երբ շատերը շարունակում են լուռ մնալ։

Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամի խնդրանքով է հրապարակել տեսանյութ, սակայն ինքը դեմ է թանկացմանը, չնայած նրան, որ ունի իր անձնական մեքենան։

«Ես ինքս մեքենա ունեմ, տրանսպորտից չեմ օգտվում։ Ինձ Սոնա Աղեկյանն առաջինը զանգահարեց մի քանի ամիս առաջ ու ասաց՝ կասե՞ք Ձեր կարծիքը այս կապակցությամբ ու ես ասացի սիրով։ Սոնա Աղեկյանն ինձ ասաց, որ մարդիկ կարիք ունեն հանրային դեմքերի կողմից աջակցության և չմերժեցի։ Տրանսպորտի թանկացմանը դեմ եմ, կողմ լինեի՝ չէի խոսի»,- ասաց երգչուհին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս