Մի քանիսին կանպատվեի, Կարեն Դուրգարյանին էլ հետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ. Սպենդիարյանի թատրոնի տնօրենի  պաշտոնում նշանակված Անդրանիկ Արզումանյանը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի մտերիմ ընկերն է: Վերջինս ևս մասնակցում էր թատրոնի տնօրենի մրցույթին:

Armlur.am-ի հետ զրույցում կոմիտասագետն ասաց, որ  թատրոնի նորանշանակ տնօրենը բարի, ազնիվ, կիրթ, գրագետ, զարգացած  մարդ է:

Ինչ վերաբերում է հանձնաժողովին, որն ընտրել է Արզումանյանին այդ պաշտոնում,  Շահնազարյանը այն որակեց ոչ կոմպետենտ. «Ես չեն կարծում, թե այնտեղ,, ընդհանուր առմամբ կոմպետենտ հանձնաժողով էր նստած: Կային  մարդիկ, որ եթե կշեռքի մի նժարի վրա դնեի իմ ստեղծագործություններն ու գրքերը, իսկ մյուսում` այդ մարդկանց, հաստատ նրանցից ծանր կլինեն իմ գործերը»:

-Անուններ կհրապարակե՞ք:

-Կարեն Դուրգարյանը, օրինակ: Նրա պատճառով է, որ օպերան հայտնվել է սատկած ու մեռած վիճակում:

-Բայց Կարեն Դուրգարյանը  հայտնի խմբավար է, և ասում են, որ հայ մշակույթում  ներդրում ունի:

-Ինչի՞ն է ներդրում ունեցել: Հակոբ Երուսաղեմցու աղանդավորական գործերն է կատարել: Ոչ մի նոր բան  չի անում` նույն հին ծրագրերն է ներկայացնում: Ո՞վ  է ձեզ  նման բան ասել:

Նրա հետ կար նաև ռուսախոս, փառատոների կազմակերպիչ Արթուր Ղուկասյանը, որը զարմանում է, որ ես ռուսերենը համարում եմ օտար լեզու:

Բացի Չեքիջյանից` ու մի երկու հոգուց, մնացածը  չարացած մարդիկ են: Թող իրենք դնեն ում ուզում են, բայց խոսում էին վիրավորական ձևով: Եթե ես տարիքով մարդկանց չհարգեի, ես մի քանիսին կանպատվեի, Կարեն Դուրգարյանին էլ հետը: Օրինակ` հայեցակարգից բան էին հարցնում, որը գրված չկա:  Երբ ես նայում եմ հանձնաժողովի էդ անդամներին ու տեսնում, որ իմ ազգը բաղկացած է նման մարդկանցից, իմ ազգին ապագա չեմ տեսնում:

Միայն կանայք էին իրենց պահում արժանապատիվ, իսկ տղամարդիկ ոնց որ ստրուկ դարձած լինեն, ընդ որում` շահի ստրուկ, պարզապես այնքան որ հաճոյանան: Մենք ընդհանուր առմամբ ունենք կամավոր ստրուկ մտավորականների բանակ: Սա է մտահոգիչ, ոչ թե հանձնաժողովի փաստը:

-Ի՞նչ  սպասելիքներ ունեք թատրոնի նորանշանակ տնօրենից, արդյոք նա կարո՞ղ է թատրոնը նոր  բարձրունքի ու մակարդակի հասցնել:

-Եթե նրան տան ազատություն, իր կողքին հավաքի նորմալ մարդկանց (ինձ էլ է առաջարկություն արել), ապա ինչ-որ բան կփոխվի: Ավելին, եթե իրեն տան  ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, չխանգարեն, ապա կփորձի շտկել դրությունը` իր շուրջ համախմբելով իմաստուն, գրագետ մարդկանց:

Սոնա Դավթյան




Լրահոս