
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի:
Շիրակի մարզպետ նշանակված Դավիթ Առուշանյանի մանդատը տրվել է Ջուլիետա Ազարյանին։
Վերջինս Ավան վարչական շրջանի փոխթաղապետի պաշտոնն է զբաղեցրել:
Նոր պատգամավորը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ջուլիետա Ազարյանը, ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին, նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ առանց բարձրագույն կրթության։
30-ամյա Ջուլիետա Ազարյանը, քաղաքական կարիերա չունենալով, միանգամից դարձել է Ավան վարչական շրջանի ղեկավար: Նա 2016 թվականին ավարտել է ՀՀ Երեւանի Էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը։
Քոլեջն ավարտելուց հետո միայն 8 տարի անց, երբ 2 տարի է, ինչ զբաղեցնում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այս տարի՝ 2024 թվականին, ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ եւ այժմ սովորում է այնտեղ։
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը 2013-2014 թվականին կամավոր է եղել World Vision Armenia կազմակերպությունում։ 2015 թվականին եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գլխավոր Visual Merchandiser-ը:
2018 թվականին եղել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչը։ 2020 թվականի հոկտեմբերին կազմակերպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի՝ «Ներդրողների խթանման եւ արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումները։ 2021-2022 թվականներին աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման եւ հետներդրումային սպասարկման» վարչությունում՝ որպես ծրագրերի համակարգող։
2021 թվականին հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու։
04.08.2022-04.08.2024 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղարը։
Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է:
Ջուլիետա Ազարյանը 2021 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում։
2023 թվականին, երբ զբաղեցրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1 մլն դրամով հողամաս է ձեռք բերել Փարաքար համայնքում։
Ազարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Նրա՝ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 282 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 991 հազար դրամ, որից 6 մլն 516 հազարը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 405 հազարը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 853 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց սրա համար Ազարյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 69 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ,
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ ԳՆՈՎ ԵՐԿՈՒ ՀՈՂԱՄԱՍ Է ՕՏԱՐՎԵԼ
Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 60 հասցեի 1096.0 քմ հասարակական կառուցապատման հողամասը պատկանում է Սուրեն Հայկի Աղաջանյանին: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/3 հասցեի 232.8 քմ մակերեսով եւ 5-րդ փողոց, թիվ 58/4 հասցեի 324.5 քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 832-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված՝ 232.8 քմ եւ 324.5 քմ հողամասերն ընդլայնման կարգով Սուրեն Աղաջանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությանը: Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է. «1) Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232.8քմ եւ 5-րդ փողոց 58/4 հասցեի 324.5 քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման եւ հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում: 2) Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 60 հասցեի 1096.0քմ հասարակական կառուցապատման հողամասին կից գտնվող, 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232.8 քմ մակերեսով եւ 5-րդ փողոց, թիվ 58/4 հասցեի 324. 5քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձեւով (ընդլայնման կարգով) օտարել քաղաքացի Սուրեն Հայկի Աղաջանյանին: Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284 249 դրամ եւ 396 215 դրամ»:
Թեղուտ գյուղի հողերի շուկայական գինը բավական բարձր է։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարը շուկայականից բավականին էժան գներով երկու հողամաս է օտարել Սուրեն Աղաջանյանին, այդ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել է։ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թվականին ծնված Սուրեն Հայկի Աղաջանյանը Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող հայտնի «Գետափ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենը։
ՄԻԱՅՆ ԵՐԿԹԵՎԱՆԻ ԽԱՉՔԱՐՆ Է ՄՆԱՑԵԼ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կողքին կառուցված ռուսական զորանոցն ամբղջությամբ քանդված է։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ զորանոցի մաս կազմող հավաքովի մոդուլները քանդված վիճակում են, սակայն դեռ տեղում են գտնվում։ Ռուսական զորանոցից մնացել է միայն ճանապարհի եզրին կանգնեցված, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող, ռուսական ու հայկական խաչերով տուֆակերտ կոթողը։ Քանդվել է նաեւ Բերդ համայնքի Այգեպար գյուղի մոտ կառուցված ռուսական զորանոցը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ