ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԻՐԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է վիրահայ մեր հայրենակիցներին։ Նա նշել է. «Վիրահայ մեր հայրենակիցների համար օգտակար մի քանի տեղեկություն՝  պայմանավորված վերջին փոփոխություններով.

 

Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ունենալը որեւէ կերպ չի խանգարի նրանց այս ընթացակարգից օգտվելու համար:

Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացիություն չունեցող, այլ երկրի (ՀՀ, ՌԴ եւ այլն) քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Ուշադրություն. այս դեպքում վերջիններիս համար անհրաժեշտ կլինի մաքսային մուտքի հայտարարագրման ժամանակ ներկայացնել նաեւ Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունքի վկայական: Այս կարգը սահմանվեց 2024 թվականի սեպտեմբերից սկսած՝ Yerkir.am կայքի խմբագիր, ջավախահայ Վահե Սարգսյանի կողմից ՊԵԿ-ին ներկայացված խնդրի եւ առաջարկների հիման վրա: Հուրախություն այս խմբի մեջ մտնող մեր հայրենակիցների՝ նշեմ, որ վերջին օրերին ՊԵԿ-ի կողմից հաստատված կանոններով՝ այս դեպքում (Վրաստանում կացության քարտի հիման վրա մուտք գործելու դեպք) եւս մեր հայրենակիցները կարող են ՀՀ տարածքում իրենց մեքենան շահագործել մինչեւ մեկ տարի: Այս ընթացակարգով սահմանված ժամկետը կրկին հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների ժամկետին (մինչ այս 15 օր էր այն):

Վրաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր միաժամանակ ունեն նաեւ ՀՀ քաղաքացիություն, Վրաստանի քաղաքացիության անձնագրով կամ Վրաստանում կացության իրավունքի քարտով ՀՀ տարածք մուտք գործելիս վրացական պետհամարանիշերով իրենց մեքենաները առայժմ չեն կարող վարել վրացական վարորդական իրավունքի վկայականներով: Ցավոք, գործող կարգի հիման վրա մեր հայրենակիցները դեռ ենթակա են տուգանման: Խնդիրը բարձրաձայնելուց հետո ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ նախատեսվում է վրացական վարորդականներով երթեւեկելու մինչեւ մեկ ամիս ժամկետ սահմանել: Այս ժամկետը բավարար չէ, եւ ձգտելու ենք հասնել նրան, որ կա՛մ այն դառնա անժամկետ, կա՛մ առնվազն հավասարեցվի մեքենաների շահագործման թույլտվության ժամկետին (1 տարի):

Նշված խմբերին պատկանող վրաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են Վրաստանի այլ քաղաքացու սեփականություն հանդիսացող մեքենայով եւս նշված ընթացակարգերով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ լիազորագրի հիման վրա»:

 

 

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Փետրվարի 7-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից 3 հոգի անհայտ ծագման թունավորմամբ դիմել են բուժօգնության, իսկ քիչ անց շտապօգնության ավտոմեքենայով նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել եւս 3 հոգի։ Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացիներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Թ. Ն.-ն, 11-ամյա Կ. Ա.-ն, 8-ամյա Լ. Ա.-ն, 49-ամյա Լ. Վ.-ն, 5-ամյա Մ. Ա.-ն եւ 20-ամյա Ն. Գ.-ն: Պարզվել է նաեւ, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղերից մեկում՝ խոհանոցում առկա հեղուկ գազի 5 լ. տարողությամբ տարայից՝ գազի արտահոսքի հետեւանքով: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

 

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ

Պեկ-ը ներկայացրել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեպքերը շաբաթվա կտրվածքով.

Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից  հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր

Օդային ճանապարհով փորձ է արվել  ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլար գումար:

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ:

Չհայտարարագրված թարմ լոլիկի եւ մանդարինի ներկրման փորձերը կանխվել են, մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել են չհայտարարագրված 180 կգ ընդանուր խնամքի պարագաներ:

 

 

 

1 ՏՈՆԱԿԱՆ ՕՐ

Մարտ ամսին 1 տոնական օր կա։ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը շաբաթ օր է: Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տեւողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տեւողությունը կրճատվում է մեկ ժամով: Բացի այդ, մարտի 3-ին մեկնարկում է Մեծ պահքը։ Մարտի 2-ի հավատացյալները տոնում են Բուն Բարեկենդանը։

 

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ն Է

2025 թվականի հունվար ամսին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 17-ն է: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Փետրվարի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն փետրվարի 21-ից:

 

 




Լրահոս