
Երկու օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում որոշվեց, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Քվեարկությունների արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու է Պարգը։ Որքան էլ այդ փաստն ուրախալի է շատերի համար, միեւնույն ժամանակ նաեւ տխրեցրել է մնացած մասնակիցների երկրպագուներին։
Գանք ամենասկզբից։
Ի սկզբանե եղել են կարծիքներ, որ երգի մրցույթին պետք է մասնակցեր Աթենա Մանուկյանը, ով 2020 թվականի կորոնավիրուսի պատճառով այդպես էլ չմասնակցեց «Դեպի Եվրատեսիլին»։ Շատ երկրպագուների պնդմամբ՝ 2020-ին չմասնակցելու պատճառով էլ պետք է Աթենան ներկայացներ Հայաստանը մրցույթում, իսկ այս արդյունքները անարդար կազմակերպելու հետեւանք են: Բայց ունենք այն, ինչ ունենք։
Մրցույթի քննադատներից շատերը, որոնք «Դեպի Եվրատեսիլը» համարում են զուտ քաղաքական շոու, այն կարծիքին են, որ այս տարի մասնակիցների մեծամասնությունը անհայտ դեմքեր էին։
Հանդիսատեսների համար փոքր-ինչ անհայտ էին նաեւ Գեւորգ Հարությունյանը, Միլենա Միրիջանյանը, «Սեւագիր» խումբը, «Altsight» խումբը, որոնց մասին ինֆորմացիան քիչ է անգամ համացանցում։ Չնայած այն հանգամանքին, որ թե՛ արտիստները, թե՛ խմբերը ունեն վոկալային հիանալի հմտություններ, հաղթել են տարբեր մրցույթներում եւ ունեն հետաքրքիր երգեր, այնուամենայնիվ հանրության որոշ մասի կարծիքով՝ նրանք Եվրատեսիլ երգի մրցույթի համար չէին։
Անցնելով մնացած մասնակիցներին՝ նշենք, որ շատերի համար անսպասելի էր Արսեն Գրիգորյանի եւ Կամիլի մասնակցությունը մրցույթին։ Ի դեպ, շատերի կարծիքով, Կամիլը Արսեն Գրիգորյանի կերտած հայտնի Կամիլն էր, սակայն անակնկալները այլ էին։ Շատ երկրպագուների տխրեցրեց Արսեն Գրիգորյանի չանցնելը, սակայն այն հանգամանքը, որ երգիչը փայլել է բեմում՝ անհերքելի փաստ է։
Ֆլորա Բիչախչյանը, ում կարելի է հիշել ռուսական «ծց-ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ!» երգի մրցույթից, նույնպես հրաշալի ելույթ է ունեցել, սակայն կրկին քննադատների կարծիքով՝ երգը չէր համապատասխանում մրցույթի ստանդարտներին։
Եվրատեսիլի առավել շատ քննարկված դեմքեր հատկապես տղաներն են, այդ թվում՝ Մելսը, ում պարի հեղինակը, ի դեպ, պարուհի Վիկա Մարտիրոսյանն էր, ով վաղուց հանրայինով չէր ցուցադրվում։ Ի դեպ, Մելսի երկրպագուները եւս շատ էին, սակայն դա ոչինչ չփոխեց։
Սիմոնը, ով ժյուրիի քվեարկությամբ առաջին հորիզոնականում էր, կարող էր ներկայացնել Հայաստանը, սակայն ամեն բան փոխել է հանդիսատեսի քվեարկությունը։ Սիմոնը գրավել էր շատերի սրտերը, եւ այս ամենը եւս անարդարություն են համարում երկրպագուները։
Զույգերից Անահիտ Հակոբյանն ու Գասոյան եւս պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել բեմում։ Դուետն իր ելույթով դեռ ամենասկզբից անտարբեր չի թողել երկրպագուներին եւ ուներ շանսեր՝ մասնակցելու Եվրատեսիլին։ Հանդիսատեսի եւ քննադատների կարծիքով՝ Անահիտը կարծես Լիլիթ Հովհաննիսյանի կրկնօրինակը լինի, ինչը, ի զարմանս շատերի, վատ քննադատությունների չի արժանացել։
Ինչ վերաբերում է Անահիտ Ադամյանին, ով Աշոտ Ղազարյանի թոռնուհին է, նա եւս լավ ելույթ ունեցավ, սակայն կրկին քննադատների կարծիքով՝ նրա ձայնը «Եվրատեսիլի ձայն չէ», քանի որ բարակ է։ Ի դեպ, երկրպագուները Անահիտին համարում են հայկական Արիանա Գրանդեն։
Այսպիսով, թե ի՞նչ կլինի Եվրատեսիլում, ի՞նչ արդյունքներ կբերի Պարգը եւ արդյոք ճի՞շտ էր նրա մասնակցությունը Եվրատեսիլին՝ կիմանանք հետեւելով զարգացումներին եւ նոր թեժ քննարկումներին։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ ՊԱՐԳԸ
Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, թե այս տարի ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մասնակիցները 12-ն էին, եւ պայքարը թեժ էր, սակայն Հայաստանի պատվիրակ դարձավ Պարգը, որը հանդես էր գալիս 01 համարի ներքո, եւ կներկայացնի Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեյցարիայի Բազել քաղաքում։
Իսկ ո՞վ է նա
Պարգը երգչի բեմական կեղծանունն է։ Նրա իրական անունը Պարգեւ է, իսկ ազգանունը՝ Վարդանյան։ Նա ծնունդով Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղից է, իսկ երաժշտական առաջին փորձերը սկսել է եկեղեցու երգչախմբից եւ մինչեւ 6 տարեկանը երգել հենց երգչախմբում։ Պարզվում է՝ ՊԱՐԳ-ը տաղանդավոր է դեռ մանկուց։ Փոքր տարիքում, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, հաճախել է տեղի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտ եւ ավարտել «Թատերական արվեստ եւ դերասանություն» բաժինը։
Պարգեւն այնտեղ նաեւ համահիմնադրել է The Edge Chroncles խումբը, որն էլ 2017-2019 թվականներին հանդես է եկել ՀՀ-ում, ՌԴ-ում, Վրաստանում եւ Ուկրաինայում։
Իսկ ե՞րբ է երգիչը թողարկել իր առաջին երգը
2021 թվականին երգիչը թողարկել է իր առաջին երգը/սինգլը՝ «Գինին ու գրելը», իսկ 2022-ին, վերադառնալով Հայաստան եւ հաստատվելով մայրաքաղաք Երեւանում, հունիս ամսին բացել է ֆրանսիացի երգչուհի Զազի համերգը Երեւանի «ՀԱՅԱ» փառատոնում։ Երգիչ Պարգը, այդ թվականից սկսած, cover տարբերակով կատարել է Ռոզա Լինի երգերը, ով նույնպես ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում։ Պարգը համագործակցել է նաեւ տաղանդավոր ու գեղեցիկ երգչուհի Բրյունետի հետ։ Կարելի է համարել, որ երգչին հաջողություն են բերել նաեւ Եվրատեսիլին մասնակցած հայերը։
Նշենք, որ երգիչն ամուսնացած է։ Պարգեւի կինը բլոգեր է եւ հայտնի է համացանցային տիրույթում։ Վերջինս արցախցի բլոգեր Նանա Վարդանյանն է, ով հայտնի է իր արցախյան բարբառի կոնտենտով։ Զույգն ամուսնացել է 2024 թվականի օգոստոսի 11-ին։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Կինոյի եւ հեռուստատեսության բրիտանական ակադեմիան հայտնել է 78-րդ մրցանակաբաշխության հաղթողներին։ Մրցանակաբաշխության ընթացքում ամենաշատ մրցանակների են արժանացել «Կոնկլավ» եւ «Բրուտալիստը» ֆիլմերը։ Գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմը 4 մրցանակ է տարել, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն բրիտանական ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար եւ լավագույն մոնտաժ անվանակարգերում։ Ամերիկացի կինոռեժիսոր Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստը» ֆիլմը նույնպես 4 մրցանակի է արժանացել։ Քորբեթը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, Էդրիեն Բրոուդին՝ լավագույն դերասան։ Ֆիլմը նաեւ արժանացել է լավագույն օրիգինալ սաունդթրեք եւ լավագույն օպերատորական աշխատանք մրցանակներին։