Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կմասնակցի մարտին կայանալիք համայնքապետի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կմասնակցի մարտին կայանալիք համայնքապետի ընտրություններին, նա կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։

Հիշեցնենք՝ վերջինս համայնքապետ էր ընտրվել 2022 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններով, իսկ 2024թ-ի մայիսին հայտարարել էր հրաժարականի մասին։

Նրա հրաժարականից ժամեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ևս մեկ անկախ ավագանու անդամ՝ 11 հոգի, իմպիչմենտի գործընթացի նախաձեռնության փաստաթղթերն արդեն հանձնել էին համայնքի աշխատակազմ։

Դավիթ Մինասյանը համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի հետ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությամբ դաշինք կազմելու շնորհիվ։

ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» խմբակցությունը ՏԻՄ-ում ներքին պայմանավորվածություն ունեին. 2,5 տարի կղեկավարի Դավիթ Մինասյանը, 2,5 տարի՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։

2024թ-ի հունիսին՝ հրաժարականից մեկ ամիս անց Դավիթ Մինասյանը կալանավորվել էր։

Նույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։

Ըստ ՔԿ-ի՝ պաշտոնատար անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա և ապօրինաբար օտարել գույքը։

2025թ-ի փետրվարից Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս