ՀՀ ԱԳՆ-ն բլոգեր Բելլա Բաբախանյանի հարցով բելառուսական կողմին նոտա է հղել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բլոգեր Բելլա Բաբախանյանի հարցով, որը Բելառուսում ազատազրկվել էր, նոտա է հղել բելառուսական կողմին փետրվարի 20–ին, 3 օր անց ստացել է պատասխան:

Այս մասին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե Հայաստանի ԱԳՆ–ն ի՞նչ է արել իր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար:

«Բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատ արձակումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց որպես իր միջամտություն: Նույնիսկ օդանավակայանում հրապարակային դիմավորեցին նրան և այլն»,–նշեց պատգամավորը:

«Ես չգիտեմ, թե ով ինչ դիմավորում, ճանապարհում կամ այլ միջոցառումներ է արել: Մենք ազատ երկիր ենք: Բոլորն իրավունք ունեն այդպիսի բան անելու: Փետրվարի 20–ին ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն՝ նշված ՀՀ քաղաքացու վերաբերյալ, 3 օր անց ստացել է բելառուսական կողմի պատասխանը, որում ասվում էր, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով և ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու»,–ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց՝ թե ով է ջանք գործադրել Բելլա Բաբախանյանին բաց թողնելու համար, ով է ներկայացրել որպես իր ձեռքբերում, ինքը չգիտի, ԱԳՆ–ին դա այդքան էլ չի հետաքրքրում: «Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու: Մնացածը, ով ում ուզում է, թող ծաղիկ նվիրի, քավ լիցի, մենք առարկություններ չունենք»,–հավելեց նա:

Նախարարը վստահեցրեց, որ իրենք ոչ մի բան PR–ի համար չեն անում:

«Թող արդյունքները լինեն, թող ուրիշները դիվիդենտներ ստանան այդ արդյունքներից: Ոչ նախանձում ենք, ոչ այդպիսի խնդիր ենք դնում մեր առաջ: Մեզ համար կարևոր են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»,–ասաց նա:

Միրզոյանը շեշտեց՝ արտերկրում, որտեղ էլ, որ լինի, ԱԳՆ–ին հասու միջոցներով, դիվանագիտական ու միջազգային պրակտիկայում ընդունված միջոցներով հետամուտ են լինելու ՀՀ քաղաքացիների իրավունքների սպասարկմանը:




Լրահոս