«Սրացումները հնարավոր է կանխել». գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունները (ՔՈՎՀ) լուրջ մարտահրավեր են ողջ աշխարհում առողջապահական համակարգերի համար։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ 2022 թվականին ՔՈՎՀ-ը եղել է աշխարհում մահացության հիմնական պատճառը՝ կազմելով բոլոր մահվան դեպքերի 74%-ը (մոտ 41 միլիոն մարդ): Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը այս ցուցանիշը կհասնի 86%-ի՝ հանգեցնելով տարեկան մոտ 90 միլիոն մահվան դեպքի։

«Հայաստանում ՔՈՎՀ-ից մահացությունը 2021 թվականին կազմել է ընդհանուր մահերի 80%-ը՝ առաջին տեղում սիրտանոթային հիվանդություններն էին, որոնք դարձել են բոլոր մահերի 54%-ի պատճառ:

Գարնան ամիսներին ՔՈՎՀ-ի սրացումների հաճախականությունը զգալիորեն աճում է, ինչը հանգեցնում է հոսպիտալացումների թվի ավելացման, առողջապահական ծախսերի բարձրացման և հիվանդների կյանքի որակի վատթարացման»,- այս մասին հայտնում է «Հերացի» վերլուծականը։

«ՔՈՎՀ-ի գարնանային սրացումները պայմանավորված են մի շարք գործոններով․

• Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխություններ․ Կլիմայական տատանումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում սիրտանոթային համակարգի համար՝ առաջացնելով անոթային ռեակցիաներ և բացասաբար ազդելով գլխուղեղի արյան շրջանառության վրա։

• Վիտամինային անբավարարություն և իմունային համակարգի թուլացում․ Ձմռան ամիսներին վիտամինների և հանքանյութերի անբավարար ընդունումը նպաստում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների թոլացմանը՝ նվազեցնելով դիմադրողականությունը վարակների նկատմամբ։

• Վիրուսային և բակտերիալ վարակների տարածվածության աճ․ Գարնանը բարձրանում է սուր շնչառական վարակների տարածվածությունը, ինչը հատկապես վտանգավոր է թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց համար։ Հանաձայն իրականացված հետազոտության արդյոքների, շնչառական վարակները քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության (ՔՕԹՀ) սրացումների 75%-ի պատճառն են։

• Բույսերի ծաղկում. Բույսերի ծաղկման և օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով մթնոլորտում կտրուկ մեծանում է ծաղկափոշու, փոշու և այլ ալերգենների պարունակությունը, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, բրոնխիալ ասթմայի ու այլ շնչառական հիվանդությունների սրացումներ:

• Ֆիզիկական ակտիվության փոփոխություն․ Գարնանը շատերը սկսում են ավելի ակտիվ կենսակերպ վարել, սակայն նախապատրաստվածության բացակայության դեպքում դա կարող է բարձրացնել սիրտանոթային բարդությունների ռիսկը՝ հատկապես իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների շրջանում։

Գարնան ամիսներին սրացող քրոնիկական հիվանդությունների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում՝

• Մարսողական համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ քրոնիկական գաստրիտը, կոլիտը, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը։ Սրացումների հիմնական պատճառները կապված են իմունային համակարգի թուլացման, սննդակարգում В և С վիտամինների պակասի (որոնք կարևոր են ստամոքսի լորձաթաղանթի վերականգնման համար), ստամոքսահյութի թթվայնության ախտաբանական փոփոխությունների և սթրեսի հետ։

Բացի այդ, որոշ մարդիկ, հատկապես կանայք, գարնանը դիմում են խիստ դիետաների՝ նիհարելու նպատակով, ինչը նվազեցնում է իմունային պաշտպանությունը և նպաստում քրոնիկական սթրեսի առաջացմանը։ Վերջինս ուղեկցվում է արյան մեջ ադրենալինի մակարդակի բարձրացումով, ինչի հետևանքով վատթարանում է ստամոքսի լորձաթաղանթի բջիջների սնուցումը, որոնց մի մասը ենթարկվում է ատրոֆիայի և քայքայվում՝ առաջացնելով բորբոքման օջախներ։

• Ալերգիկ հիվանդությունները․ Նրանց սրացման հիմնական պատճառներից մեկը, ինչպես նշվեց, օդում մեծ քանակությամբ ծաղկափոշու և փոշու առկայությունն է։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ միայն այս գործոնը ՔՕԹՀ-ի և բրոնխիալ ասթմայի սրացումների հաճախականությունը բարձրացնում է 15-30%-ով։

ԱՄՆ-ում իրականացված հետազոտության համաձայն՝ ՔՕԹՀ-ի սրացումները 20-30% դեպքերում հանգեցնում են հիվանդների հոսպիտալացման անհրաժեշտության։ Մինչդեռ ծանր ընթացքով հիվանդների շրջանում կրկնակի հոսպիտալացման ցուցանիշը 30 օրվա ընթացքում հասնում է 22.6%-ի։

• Մաշկային հիվանդություններ․ Գարնանը հաճախ սրվում են մաշկային պաթոլոգիաները, ինչպես օրինակ՝ փսորիազը, ատոպիկ դերմատիտը և այլ քրոնիկական հիվանդություններ։ Սրացման հիմնական գործոններն են արևի լույսի անբավարարությունը, սթրեսը և իմունային համակարգի թուլացումը, որոնք կարող են զգալիորեն ծանրացնել հիվանդությունների ընթացքը։

Բացի այդ, գարնան ամիսներին հաճախակի սրացող մարսողական համակարգի հիվանդությունները նույնպես բացասաբար են ազդում մաշկաբանական խնդիրների վրա։ Շրջակա միջավայրի ջերմաստիճանի և խոնավության կտրուկ տատանումները, ինչպես նաև օդում առկա փոշին ու ծաղկափոշին կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել՝ նպաստելով մաշկային հիվանդությունների սրացմանը։

• Սիրտանոթային հիվանդություններ (ՍԱՀ). Արևային ճառագայթման ուժեղացումը և մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները բացասաբար են ազդում մեթեոզգայուն մարդկանց, սիրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց, վեգետաանոթային դիստոնիայով հիվանդների ինքնազգացողության վրա։ ՍԱՀ ունեցող հիվանդների մոտ բարձրանում է սրտամկանի ինֆարկտի, ուղեղային կաթվածի, հիպերտոնիկ կրիզի, տախիկարդիայի և առիթմիաների առաջացման հավանականությունը։

• Հոգեկան հիվանդություններ. Գարնանը օրվա լուսավոր ժամերի երկարացումն ու արևային ճառագայթման ինտենսիվության աճն ազդում են հորմոնների և նեյրոմեդիատորների արտադրության վրա, որոնք կարգավորում են մարդու տրամադրությունը, քունը և վարքագիծը։ Այս փոփոխությունները երբեմն խաթարում են նյարդաբանական հավասարակշռությունը՝ նպաստելով հոգեկան խանգարումների, այդ թվում՝ դեպրեսիայի, բիպոլյար աֆեկտիվ խանգարման, շիզոֆրենիայի, ինչպես նաև տագնապային և ֆոբիկ խանգարումների սրացմանը։

Ինչպես նշվեց, ՔՈՎՀ-ի սրացումները զգալի նվազեցնում են հիվանդների կյանքի որակի ցուցանիշները (оրինակ, ՔՕԹՀ-ի սրացումների դեպքում՝ 20%-ով): Սրացումների հետևանքով 1․5-3 անգամ բարձրանում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը։

Շատ մեծ է ՔՈՎՀ-ի սրացումների տնտեսական վնասը։ Ըստ ԱՀԿ-ի, բոլոր ՔՕԹՀ -ի համաշխարհային տնտեսական բեռը գնահատվում է տրիլիոնավոր դոլարներով, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականն այդ թիվը կարող է հասնել 47 տրիլիոն դոլարի:

Բոլոր ՔՈՎՀ-ի սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել վիտամիններով և հանքանյութերով, պահպանել առողջ կենսակերպ, խուսափել սթրեսներից և գերհոգնածությունից, հրաժարվել վնասակար սովորություններից, հաճախ գտնվել մաքուր օդում, ապահովել 8 ժամ գիշերային քուն։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր։ Անհրաժեշտ է նաև ժամանակին այցելել բժշկի, խստորեն պահպանել նշանակված դեղորայքային բուժումը։

Հիշեք, որ գարնանային սրացումները հնարավոր է կանխել, եթե նախապես ձեռնարկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ միջոցառումներ։

Եղեք առողջ»,- նշվում է հաղորդագրությունում։




Լրահոս