ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանե Թանդիլյանը՝ 11, իսկ Ռուբեն Վարդանյանը 22 օր է հացադուլի մեջ են․ իշխանությունների անտարբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի ռազմական դատարանում այսօր նախատեսված են Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները: Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է, ինչ նա գտնվում է հացադուլի մեջ: Անցած շաբաթ հրապարակված լուսանկարներում Վարդանյանը խիստ հյուծված տեսք ուներ:

Մարտի 5-ին նա ընտանիքի միջոցով ձայնային ուղերձ էր փոխանցել՝ ընդգծելով, որ իր պահանջները նույնն են.

«Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրեք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից: Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»,- նշել է Վարդանյանը:

Դեռ փետրվարի 26-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը  հայտարարել էր, որ նրա առողջությունը վտանգված է:  Գենսերի մուտքը Ադրբեջան արգելվել է, ուստի նա  կոչ էր արել միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, Վարդանյանին այցելելու թույլտվություն ստանալ:

Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթից ավելի:  Հայտնի չէ, այսօրվա նիստում Ռուբեն Վարդանյանը առողջական ինչ վիճակում է  գտնվելու: Չնայած ադրբեջանական դատարանի համար դա որևէ նշանակություն չունի. նախորդ նիստերում չնայած  Վարդանյանի վատ ինքնազգացողությունը, նրանք շարունակել էին դատավարություն կոչվող իրենց ֆարսը:

Հավելենք, որ այս օրերին Երևանում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի նույնպես տեղի են ունենում հացադուլներ։ Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրն է, ինչ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլի մեջ է։

Գրեթե որևէ իշխանական պատգամավոր չի այցելել Մանե Թանդիլյանին, իսկ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հենց Թանդիլյանը չի ցանկացել տեսնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս