
Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար: Նրանց թվում է Ռուբեն Վարդանյանը, ով շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նրա հացադուլը շարունակվում է արդեն 21-րդ օրը, ինչի հետևանքով առողջական վիճակը արագ վատանում է:
Իրենց ուղերձում ստորագրողները վկայակոչել են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդագրությունները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ արագ գործողություններ են անհրաժեշտ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը:
Նամակում քրիստոնյա առաջնորդները գրել են.
«Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց՝ ստիպելով ավելի քան 120000 քրիստոնյա հայի լքել նախնիների տները, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է հետևել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»։
Կոչի հեղինակները նաև բարձր են գնահատել նախագահ Թրամփի նախկին աջակցությունը Հայաստանին և հալածված քրիստոնյաներին՝ նշելով.
«Շնորհակալություն Ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր, այն հստակ ուղերձ էր նրանց, ովքեր կցանկանան խաթարել Հայաստանի անվտանգությունն ու նրա հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես համաշխարհային պատմության մեջ Քրիստոսի ավետարանն ընդունած առաջին երկրի»:
Նամակը ստորագրողները հիշեցրել են 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Trump Truth սոցիալական ցանցում Թրամփի արած գրառումը, որով նա խոստանում էր պաշտպանել հետապնդվող քրիստոնյաներին, աշխատել բռնությունների և էթնիկ զտումների դադարեցման ուղղությամբ, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: