
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ քարտուղարությունը նաև հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։
«Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։