
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրումից առաջ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նախապայմանները Հայաստանը չի ընդունում, պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը, առաջարկում է խորհրդակցել կոնկրետ տեղի և ժամի վերաբերյալ:
Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին երկու կողմից հնչած հայտարարությունից հետո Ադրբեջանից հնչող նախապայմաններին՝ ԱԳ նախարարն ասաց. «Դրանք հնչեցվել են նախկինում ևս: Մեր կողմից դրանց լեգիտիմությունն ու օրակարգի մաս լինելը երբևէ չի ընդունվել: Մենք այդ մասին երբևէ չենք բանակցում: Եղել է մտքերի փոխանակություն այն մասին, որ իրենք ասել են, որ ունեն այսպիսի պահանջ, մենք էլ ասել ենք, որ ունենք այսպիսի պահանջ, իրենց պահանջը չենք ընդունում»:
Միրզոյանը նշեց՝ լավ չէ, որ այդպիսի նախապայման են դնում:
«Մենք հուսով ենք և պատրաստ ենք, որ պետք է արդեն ձեռնամուխ լինենք ստորագրմանը: Մենք երեկ նաև առաջարկեցինք սկսել խորհրդակցել կոնկրետ տեղի և ժամի վերաբերյալ: Ցավոք, կան զուգահեռ նախապայմաններ: Պետք է աշխատենք, տեսնենք, թե ոնց լուծում կգտնենք»,–նշեց նախարարը:
Առաջիկայում որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա:
«Մենք միշտ էլ պատրաստ ենք հանդիպել, շարունակել քննարկումները»,–հավելեց Միրզոյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից հետո անգամ Ադրբեջանը ստորագրման համար նախապայմաններ է առաջ քաշում, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը: