9 մլն դրամ արժողությամբ ոսկեղեն․ ի՞նչ ունեցվածք ունի Փարաքարի համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի հունվարի 14-ին Փարաքարի՝ երկու ամիս թափուր մնացած համայնքապետի պաշտոնը ստանձնեց հենց դրանից երկու ամիս առաջ նույն պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա համայնքապետի նախընտրական ընտրության՝ փրայմըրիզի հաղթողն է։ Այժմ Լյուդվիգ Գյուլնազարյանը առաջադրվել է Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններում՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը։

Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարագիր ներկայացրել է փրայմըրիզով տարած հաղթանակից հետո՝ հունվարի 23-ին։

Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 2 հողամաս, որից մեկը ձեռք է բերել 2013 թվականին, իսկ 2-րդը 2023 թվականին նվիրատվություն է ստացել։ Այս հողամասերը գտնվում են Արմավիր մարզի Փարաքար համայնքում։

Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց Գյուլնազարյանը հայտարարագրել է 2002 թվականի արտադրության VAZ մակնիշի մեքենա, որը կրկին նվիրատվություն է 2014 թվականից, 10 տարի անց՝ 2024 թվականին, Գյուլնազարյանը այս մեքենան նվիրատվությամբ փոխանցել է Լուսիկ Արշակյանին։

Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարագրել է 5 մլն դրամ արժողությամբ ոսկեղեն՝ ոսկյա զարդեր, որոնք ձեռք են բերվել 2000 թվականին։ Իսկ հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից որպես ավելի արժեք ունեցող գույք հայտարարգրել է 4 մլն դրամ արժողությամբ ոսկի։

Տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,5 մլն դրամ։ Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմից ստացել է 6 մլն 288 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

2021-ի ընտրություններին իշխող ուժը պարտվել էր Փարաքարում, հաղթել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Իշխանությունը, սակայն, կոալիցիա կազմելու արդյունքում անցել էր «Դավիթ Մինասյան» դաշինքին ու «Քաղաքացիական պայմանագրին»։ Դավիթ Մինասյանն ու Լյուդվիգ Գյուլնազարյանը հերթով ղեկավարեցին համայնքը։

Էմմա Միքայելյան




Լրահոս