ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 17-ին ընդունել էր Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Ալեն Սիմոնյանին պատվիրակությունը նվիրել է 925 հարգի արծաթյա ճարմանդ՝ տղամարդու, որը զարդարված է եղել չեխական գրանատ քարերով։ Ճարմանդն արժեցել է 67 հազար 280 դրամ։
Սիմոնյանը նվերը ստացել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի կողմից։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.
- պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
- ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
- կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
- օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։
40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Հավելենք նաեւ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին եթե որեւէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման վերաբերյալ, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ, չեն կարող ընդունել։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆԻՑ
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով հարուցված քրեական դատավարությունը: Դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։ «Ինտեգրումն անհնար էր»,- հայտարարել է Բաբայանը՝ պատասխանելով մեղադրանքը պաշտպանող դատախազության ներկայացուցիչների հարցերին։
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԿՈՆՖԵՏՆԵՐ
Ապրիլի 6-ին առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երեւանում: «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գրործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից, ըստ նախնական տեղեկությունների, մաքրող միջոցի համար նախատեսված հաբերը ուտելու հետեւանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արեւիկ Հ.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող Opel մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղեւորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, եւ այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց եւ հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդին. վերջինս Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն է, նա հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետները իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես, որպես ուղեւորների, ճանապարհից վերցրել է: Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաեւ օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները:
ԻՐԱԿԱՆ ՉԷ
«Ադրբեջանի հաղորդագրությունը, իբրեւ թե ապրիլի 6-ի երեկոյից մինչեւ ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։



















































































