ՈՍՏԻԿԱՆԻՆ ՊԻՏԻ ՎՍՏԱՀԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 1992 թվականից ՀՀ ոստիկանության Հրազդան քաղաքի էներգաբլոկի պահպանության ջոկատի աշխատակից Մխիթար Ալումյանը ենթարկվել է ճնշումների եւ անգամ հեռացվել  աշխատանքից այն պատճառով, որ  ղեկավարությունից խնդրել է իր հավելյալ աշխատանքի դիմաց խոստացված գումարը` հաշմանդամ երեխայի առողջական խնդիրները լուծելու համար: Այսօր, սակայն,  Ալումյանի ղեկավարները հեռացված են աշխատանքից, ուստի վերջինս որոշել է կրկին վերադառնալ նույն աշխատանքին:
Մխիթար Ալումյանը «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ ինքը հավելյալ աշխատել է, որպեսզի իրեն հավելյալ վճարեն, սակայն երբ եկել է վճարելու ժամանակը,  հրաժարվել են:  Մեր զրուցակիցը նշել էր, որ ինքը 4 երեխա ունի, եւ իր 9-ամյա դուստրը հաշմանդամ է, իսկ նրան վիրահատելու համար մեծ գումարներ են պահանջվում:
Ալումյանը հայտնել էր նաեւ, որ դիմել է Հրազդանի էներգաբլոկի պահպանության ջոկատի հրամանատար Սերգեյ Հարությունյանին իրեն աջակցելու համար: Սակայն հասկանալով, որ «գործն» առաջ չի գնում, դիմել է նաեւ ՀՀ ոստիկանության պետական պահպանման վարչության նախկին պետ Խաչիկ Ասատրյանին. «Ասացի, որ էս վիճակն ա, ես ավելի եմ աշխատել, որ իմ էրեխուն վիրահատության տանեմ, ասացի` եթե չէ, ինձ ուղարկե՛ք թոշակի, կգնամ, ստրկություն կանեմ, էդ գումարը կհայթայթեմ»:
Այդ խոսակցությունից հետո Ալումյանին հերթապահ մասից տարել էին վարչության պետի մոտ: «Ընթացքում մեկն իմ վրա գոռում էր, մեկը մուննաթ էր գալիս, թե քեզ խելոք պահի, թե չէ գործից կազատենք»,-հայտնել էր մեր զրուցակիցը: Այս ամենից հետո Ալումյանն աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր է գրել: Վերջինս անգամ խոստացել էր Խ. Ասատրյանին դատի տալ` անօրինականության, իր վրա ճնշում գործադրելու համար, ինչպես նաեւ բացահայտել  համակարգում կատարված խախտումները` կապված անօրինական գրանցված, բայց աշխատանքի չգնացող աշխատակիցների հետ: Մենք տեղեկացրել էինք, որ այդ գործի հետ կապված ծառայողական քննություն է ընթանում:
Երեկ զրուցեցինք ՀՀ ոստիկանության պետական պահպանման գլխավոր վարչության նորանշանակ ղեկավար, գնդապետ Ռոմա Մկրտումյանի հետ: Նա տեղեկացրեց, որ համակարգում լուրջ փոփոխություններ են կատարվել: Հրազդանի էներգաբլոկի պահպանության ջոկատի հրամանատար Սերգեյ Հարությունյանը եւս հեռացվել է աշխատանքից, եւ շուտով անձամբ ինքն աշխատակիցներին կներկայացնի իրենց նոր ղեկավարին: Պարոն Մկրտումյանն ասաց, որ տուժած Ալումյանն արդեն հանդիպել է իր հետ եւ ցանկություն հայտնել վերադառնալ աշխատանքի. «Մենք իրեն լսել ենք, ընդառաջելու ենք, ինքն էլ ներկայացրել է, որ այդ աշխատանքի պահանջն ունի, քանի որ իր երեխան հիվանդ է: Մենք էլ միանշանակ կօգնենք»:
Հասկանալու համար, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կադրային փոփոխություններն ինչ արդյունք են տվել կոնկրետ պահպանության բնագավառում, մի քանի հարցեր ուղղեցինք Երեւանի ռազմական նախկին ոստիկանապետ Ռոմա Մկրտումյանին, ով 12 տարի աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ Վլադիմիր Գասպարյանին համարում է իր ուսուցիչը:
Պարզվեց, որ Մկրտումյանն էլ իր հերթին է հիմնովին փոխել բարձիթողի վիճակում գտնվող պետական պահպանման վարչությունը, որին նպաստել է նաեւ ՀՀ ոստիկանության Հրազդանի էներգաբլոկում պահպանության ջոկատի նախկին աշխատող Մխիթար Ալումյանի դիմում-բողոքը: Պահպանման վարչության պետն  ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում, եւ դեռ կպարզվի, թե ովքեր են մեղավորները: Մեր այն դիտարկմանը, թե Ալումյանը հայտարարել էր, որ իրենց վարչությունում կան գրանցված մարդիկ, որոնք փաստացի չեն աշխատում, պարոն Մկրտումյանն ասաց. «Միանշանակ, մեռած հոգիներ չպետք է լինեն, պետք է աշխատեն միայն կենդանի մարդիկ: Իհարկե, համակարգում կան թերություններ, որոնք պետք է շտկվեն, դա միանշանակ»:
Պարոն Մկրտումյանը նշեց նաեւ մի քանի թերություններ, այդ թվում եւ վարչության աշխատակիցների համազգեստներն ու ավտոպարկը, որոնք պետք է թարմացվեն: Բացի այդ, բավականին մեծ գումար է հատկացվել նաեւ ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար: «Պետք է վերջ տրվի պահակներով ու շներով պահպանություն իրականացնելու պրակտիկային: Պետք է աշխարհում ընդունված մեթոդներով աշխատենք: Իսկ ամենակարեւորը` պետք է մեր աշխատանքով այնպես անենք, որ մարդիկ վստահեն ոստիկանությանը»,-ասաց Մկրտումյանը: Նրա տեղեկացմամբ` նախկինում գլխավոր վարչության ստորաբաժանումների կողմից պահպանվող օբյեկտներին ավելացել են բազմաթիվ այլ կառույցներ: «Պահպանության ստորաբաժանումներին կվերապահվի քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաեւ նրանց բնակարանի կամ գույքի պահպանությունը»,-ավելացրեց Մկրտումյանը` հավաստիացնելով, որ լուրջ ու արդյունավետ փոփոխություններ են սպասվում համակարգում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս