2025 թվականի մայիսի 15-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ցուցաբերած վարքագծի վերաբերյալ։ Այս որոշումը կայացվել է ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա, որը մատնանշել է վարչապետի կողմից օգտագործված որոշ արտահայտություններ, որոնք կարող են խախտել պաշտոնյաների վարքագծի կանոնները։
Թովմասյանի դիմումում ընդգծվել են հետևյալ արտահայտությունները, որոնք վարչապետը օգտագործել է ԱԺ-ում. «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» և «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները»։ Պատգամավորը նշել է, որ նման վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։
Թովմասյանը նաև ընդգծել է, որ պաշտոնյաների վարքագիծը պետք է լինի իրավունքի և բարոյականության շրջանակներում, և ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային՝ լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։
Armlur.am-ի հետ զրույցում Թովմասյանը հույս է հայտնել, որ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը։
«Ես ակնկալում եմ, որ Հանձնաժողովը 3 ամսվա ընթացքում կիրականացնի հրապարակային բաց և թափանցիկ քննություն Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ հարուցված վարույթի վերաբերյալ։ Ինչ վերաբերվում է եզրակացությանը․ տրամաբանությունը հուշում է, որ եզրակացությունը պետք է հաստատի այն արձանագրումը, որ այո՛, Նիկոլ Փաշինյանը խախտել է պաշտոնիայի վարքագծի կանոները և ենթակա է պատասխանատվության։ Իսկ թե ինչ պատասխանատվություն, այստեղ մենք ունենք օրենքի բաց, որովհետև Օրենսդրությունն ասում է, որ երբ խոսքը վերաբերվում է ընտրովի մարմիններին, քաղաքական պաշտոններին, ապա մնում է պաշտոնիայի հայեցողությանը, թե ինչ պատիժ պետք է սահմանի ինքն իրեն, տվյալ դեպքում։ Բնականաբար, ես մեծ հույս չունեմ, որ այս վարույթը ինչ-որ հարց կլուծի կամ զսպող դեր կունենա քաղաքական խոսույթի մակարդակում, բայց Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ առավել զսպվածություն ապագայում»,- ասաց Թագուհի Թովմասյան։
Էմմա Միքայելյան





























