Շաբաթ օրը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, թե «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»:
Armlur.am-ը քիչ առաջ փորձեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանից պարզել, թե ինչպես են ՔՊ խմբակցությունում վերաբերվում Դավիթ Համբարձումյանի վարչապետի թեկնածու լինելուն, արդյոք որոշում կա ՔՊ-ում ինչ պետք է անեն. «Առհասարակ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին որևէ ձևով, որևէ վերաբերմունք չունենք:
Ու առհասարակ բացի այս ծավալված պրոցեսներին` կապված իմպիչմենտի գործընթացի հետ, այնպես էլ հիմա ինչպես իրենք առաջադրել են, իրենք խոսել են, իրենք էլ մարել են, այս դեպքում էլ մենք խոսելու ասելու որևէ թեմա չենք քննարկել, չենք էլ քննարկելու»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Սոնա Գրիգորյան






























