Armenian text to speach

ԳՈՐԾԸ ԿԿԱՐՃՎԻ՞, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՍՑԵՆԱՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր լրանում է վերջնաժամկետը, եւ պարզ կլինի՝ դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի՞ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գորըծը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե՞ այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը:

Փաստ է, որ հունիսի 23-ին բարերարի պաշտպանները հայտարարեցին, որ հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը, քանի որ չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշոնապես տեղեկացավ, որ երեկվա դրությամբ պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը։

Իսկ ինչ էին գրել գործարարի պաշտպանները. «Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը  2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետեւ աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ՝ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան եւ մակագրվում դատավոր Արմեն Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Ցանկանում եմ հայտնել, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան եւ ենթակա է անհապաղ քննարկման։ Հայտնում եմ նաեւ այն փաստը, որ Ս. Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը ՄԻԵԴ բողոքարկելիս, սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ»։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները Գարեգին Բ-ին Վեհարանից «հեռացնելու» կոնկրետ պլաններ ունեն: Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ չնայած այն իրողությանը, որ Վեհափառի հրաժարականին հասնելը անհավանական է թվում շատերի համար, իրենք դրան հասնելու են: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունն անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնել, եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել իբրեւ հակապետական անձանց, ու ամեն գնով հասնել Վեհափառի հեռացմանը: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մի սկանդալային գրառում էր արել, որով կասկածի տակ էր դրել հոգեւոր այրերի կուսակրոնությունը պահպանելու ուխտը: Եվ շուրջ մեկ ամիս է Փաշինյանն ամեն օր չափազանց կոպիտ բառապաշարով գրառումներ է անում հոգեւոր հայրերի մասին, Գարեգին Երկրորդին հարց ուղղում՝ նրա զավակ ունենալ-չունենալու վերաբերյալ ու պահանջում լքել Վեհարանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Փաշինյանը նույն կերպ շարունակելու է ճնշել հոգեւորականներին ու Վեհափառին, հատկապես Գարեգին Բ-ի` Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն երեկ այցելելուց հետո: Ինչպես հայտնի է առաջին նախագահին Փաշինյանի տիկինը կոշտ վիրավորանքներվ հիշատակեց՝ «մեռելի զդաչի»-ից մինչեւ «գիտնական ոջիլ»:

 

 

 

 

«Կրթության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի կրթություն ստանալու իրավունք՝ անկախ սեռից, ռասայից, կրոնից, սոցիալական վիճակից։ Սա նաեւ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության պահանջ է: Սակայն այս իրավունքը խախտվում է հաճախ, քանի որ իբրեւ թե իրականացվում է «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագիրը, սակայն իրականում այդ ծրագրի պատճառով դպրոցներում հաճախ խաթարվում է վերոնշյալ իրավունքը, քանի որ դասապրոցեսը հարկադրաբար 1-2, հաճախ 3 տարով տեղափոխվում եւ իրականացվում է, օրինակ, Մշակույթի տանը, որտեղ տարրական պայմաններ չկան, կամ նախկին գյուղապետարաններում, որտեղ 100 աշակերտ անգամ չի տեղավորվում եւ այսպես շարունակ: Կրթական ոլորտի այս «հրավտանգ» իրավիճակին զուգահեռ, երբ Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հեգնում է ոլորտը վատաբանողներին, փակվում եւ լուծարվում են դպրոցներ։ Օրինակ՝ այսօր Կառավարության նիստում որոշմամբ պետք է հաստատվի ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության լուծարման մասին» որոշումը։ Համաձայն այս որոշման հիմնավորման փաստաթղթի՝ «որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք եւ Տաշտուն բնակավայրերում (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1247-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հինմական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը) փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։ Այսինքն՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ) չլինելու պատճառով»,- ասված է հիմնավորման մեջ։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել: Տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը: Ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կմեկնարկեն օգոստոսի 12-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 3-ին. Պապիկյանը կներկայացնի հավաքի ժամանակագրությունը: Ի դեպ, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները օրացուցային 25 օր անցկացնելու են ծառայությունում:

 

 




Լրահոս