Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ դադարեցնելու ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայի դեմ, հաղորդում է BBC -ին: Սպիտակ տունը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի աջակցել երկրի «կայունությանը և խաղաղությանը»:Հարկ է նշել, որ Սիրիան դեռևս 1979 թվականի դեկտեմբերից համարվում էր ահաբեկչությանն աջակցող պետություն: 2004 թվականի մայիսին լրացուցիչ պատժամիջոցներ ավելացվեցին՝ 13338 հրամանագրով, որն իրականացնում էր 2003 թվականի Սիրիայի հաշվետվողականության և Լիբանանի ինքնիշխանության վերականգնման մասին օրենքով:
2011 թվականի մարտից սկսված ապստամբությունից հետո ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն կիրառում էր թիրախավորված պատժամիջոցներ՝ ռեժիմին զրկելու քաղաքացիների դեմ բռնությունը շարունակելու ռեսուրսներից: Առաջին քայլն արվեց 2011 թվականի ապրիլին՝ 13572 հրամանագրով, որը սառեցրեց սիրիացի պաշտոնյաների գույքը՝ մարդու իրավունքների խախտումների համար:
Պատժամիջոցները, որոնք արգելափակում էին արտաքին ֆինանսավորումը, կիրառվել էին Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ, որը տապալվել էր ապստամբների կողմից դեկտեմբերին:
Սպիտակ տունը հայտնել է, որ կվերահսկի նոր սիրիական կառավարության գործողությունները, ներառյալ «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերը», «օտարերկրյա ահաբեկիչների հարցի լուծումը» և «պաղեստինյան ահաբեկչական խմբավորումների արգելումը»:
2011 թվականի օգոստոսին, ի պատասխան տարածաշրջանում սիրիական ռեժիմի բռնության և ճնշումների, նախագահը հրապարակեց 13582 հրամանագիրը, որը սառեցրեց Սիրիայի կառավարության գույքը և արգելեց ամերիկյան անձանց նոր ներդրումները Սիրիայում:
Սիրիայի արտգործնախարար Ասաադ Ալ-Շիբանին նշել է, որ այս քայլը «կվերացնի խոչընդոտը» տնտեսական վերականգնման ճանապարհին և կբացի երկիրը միջազգային հանրության առջև:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պահպանել է պատժամիջոցները Ասադի և նրա զինակիցների, ինչպես նաև Իսլամական պետության և իրանական վստահված անձանց նկատմամբ:
Նախկին ապստամբ առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի իսլամական խմբավորումը՝ Հայաթ Թահրիր Ալ-Շամը (HTS), որը գլխավորեց Ասադի տապալումը, մինչև 2016 թվականը եղել է «Ալ-Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում: HTS-ը դեռևս համարվում է ահաբեկչական կազմակերպություն ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից:
Սիրիայի նոր առաջնորդը խոստացել է պաշտպանել երկրի էթնիկ փոքրամասնություններին: Սակայն մարտ ամսին արևմտյան ծովափնյա շրջանում ալավիական համայնքի հարյուրավոր քաղաքացիների զանգվածային սպանությունները՝ նոր անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև բախումների ընթացքում, խորացրել են ազգային փոքրամասնական համայնքների մտահոգությունները:
Հիշեցնենք, որ 13 տարվա ավերիչ քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 600,000 մարդ է զոհվել, իսկ 12 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Ասադի ռեժիմի տապալման պահին Սիրիայի բնակչության 90 տոկոսը հայտնվել էր աղքատության շեմին:
























































































