ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ:
Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, «Երևանի թիվ 136 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «Երևանի Կարեն Ասրյանի անվան թիվ 171 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել «Երևանի թիվ 20 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 22 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 124 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 59 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում, որոնք վերաբերել են ուժեղ երկրաշարժի, հրդեհի և «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և սաների պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը:
Միևնույն ժամանակ ««Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»-ում և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անց են կացվել օբյեկտային վարժանքներ՝ «Անձնակազմի և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով:
Միջոցառումների շրջանակներում «Երևանի պետական բժշկական համալսարան»-ում և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ում կազմակերպվել են «Կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով սեմինար-դասախոսություններ՝ ուղղված հասարակական, կամավորական փրկարարական շարժման հնարավորությունների զարգացմանը Հայաստանում:
Մեկ այլ սեմինար և գործնական պարապմունք է անցկացվել «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ում, որի շրջանակներում փրկարարական ծառայողների կողմից անձնակազմին ցուցադրվել են հրշեջ ավտոմեքենաները և տեխզինվածությունը, ներկայացվել են հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառման առանձնահատկությունները: Մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել այդ միջոցները:
Փրկարար ծառայության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ. վերջիններս նպաստում են մասնակիցների գիտելիքների և գործնական հմտությունների խորացմանը՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու համար, ինչպես նաև զարգացնում իրազեկվածության մակարդակը։



















































































