ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՌԵԺԻՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մի քանի օր շարունակ վարորդները ճանապարհային ոստիկանների տարօրինակ ակտիվություն են նկատում. նրանք ամենուր են: Բացի դրանից, շատ են նաեւ մայրաքաղաքից ժամանած խմբերը: Թե ինչու է քաղաքում ուժեղացված հսկողություն սկսվել, Գյումրու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չգիտեն: Համենայնդեպս, փորձում են հավաստիացնել, թե ոչ մի արտառոց բան չկա, եւ հերթական անգամ ինչ-ինչ ստուգումներ են իրականացվում: Սակայն մի քանի օր շարունակ քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Գյումրու ճանապարհային ոստիկանությունում չարաշահումներ են հայտնաբերվել, իսկ դրան հետեւել են կադրային փոփոխությունները: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի հրամանով Գյումրու ՃՈ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա սպասարկում էր նաեւ Արագածոտնի մարզը: Կարապետյանին կփոխարինի Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության վաշտի  հրամանատար  Նիկողայոս Եղիազարյանը:
Ըստ տարածված խոսակցությունների` մեքենաներին անվճար հատկացվող բենզինը յուրացվել է, եւ ճանապարհային ոստիկանները ստիպված են եղել սեփական գրպանից վճարել ավտոմեքենաների բենզինի համար: Այդուհանդերձ, թերեւս վախենալով կորցնել աշխատանքը` ոստիկանները չեն հրաժարվել ստորագրել փաստաթղթի տակ, որով հավաստել են, թե իբր ստացել են հասանելիք վառելիքը:
Այս ամենն ուղղակիորեն կապվում է ՃՈ նախկին ղեկավարի` Մարգար Օհանյանի անվան հետ: Ավելին, մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հիմա կադրային փոփոխությունների գնալով եւ ուժեղացված հսկողություն սահմանելով Շիրակի եւ Արագածոտնի մարզերում` նոր ղեկավարությունը հույս ունի ջրի երես հանել Մարգար Օհանյանի գլխավորությամբ եւ մյուսների լուռ համաձայնությամբ կատարված կեղծիքների դեռեւս անհայտ մասն ու նաեւ, ինչու ոչ, ցուցմունքներ կորզել ոլորտի ներկայացուցիչներից:
 Այդ տեղեկությունը, սակայն, միանշանակ հերքեցին  կառույցի ներկայացուցիչները` արդեն չթաքցնելով, որ թեեւ կադրային փոփոխություն եղել է, սակայն դա որեւէ կերպ չի առնչվում մատնանշված յուրացումների հետ:
 ՃՈ աշխատակիցներն իրենց նոր ղեկավարին դեռ չեն հանդիպել, անգամ չեն ճանաչում: Նրանք համոզված պնդում են, որ իրենց նախկին ղեկավարը` աշտարակցի Արմեն Կարապետյանը, ավելի բարձր պաշտոն է ստանձնելու Երեւանում:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս