ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ՎԻՃԱԿՆ ԱՆՈՐՈՇ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի կոլեկտիվում կարող է մարդն ունենալ մեկ ընկերուհի, որն ինչ-որ տեղ կարելի է տրամաբանական համարել, բայց երբ միաժամանակ ունենաս երկու ընկերուհի, նրանք անպայման կուտեն քեզ»:
Նման տեսակետ հայտնեց Երեւանի Լեւոն Արիսյանի անվան 127 դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը` «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի «Մարքսիստական» կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի այն հայտարարությանը, իբր Ն.Էլոյանը դպրոցում հարեմ է պահում: «Եթե Դ.Հակոբյանն ունենար այդքան գաղափար եւ ազգային մտածողություն ու մտածեր դպրոցի մասին, ապա դպրոցը չեր վերածի նման բանի: Լավ, ես վատն էի կամ մի քանի ուսուցիչ էին վատը, դպրոցն այդ դեպքում ի՞նչ կապ ունի: Չէ՞  որ դպրոցը մենք չենք` մի քանի վատ անձինքս, այլ աշակերտներն են ու մի ամբողջ կոլեկտիվ»,-ասաց պարոն Էլոյանը:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր  ռուսաց լեզվի ուսուցչուհի Լարիսա Պապյանի եւ նույն դպրոցի աշակերտ, աշխորհրդի նախագահ Դավիթ Թանթոսյանի միջեւ տեղի ունեցած  վիճաբանությունից, որի ժամանակ ուսուցչուհին աշակերտին անվանել էր «անբարոյականի տղա», իսկ վերջինս էլ փորձել էր հարվածել ուսուցչուհուն:  
Ըստ Ն.Էլոյանի` ՀՀ կրթության նախարարությունը, տեղեկանալով, թե դպրոցում ինչ է տեղի ունեցել, կրթության պետական տեսչության 2 մասնագետների գործուղել է դպրոց, որպեսզի տեղում ուսումնասիրեն իրավիճակն ու  զեկուցագիր ներկայացնեն  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: «Պետական տեսչության աշխատակիցները զրուցեցին 11-րդ դասարանի տնտեսագիտական-2 հոսքի բոլոր աշակերտների,  աշխորհրդի նախագահ Դավիթի եւ մի շարք ուսուցիչների հետ, որոնք գրավոր ներկայացրել են ոչ միայն կոնկրետ այս դեպքի մանրամասները, այլեւ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածը, ինչպես նաեւ ստորագրել են, որ դպրոցում ոչ մի դրամահավաք չի եղել»,-տեղեկացրեց  տնօրենը` հավելելով, որ Դ.Հակոբյանը երբեւիցե չի խոսել իր հետ եւ միշտ խուսափել է հանդիպումներից:  Տնօրենի խոսքով` սովորաբար, երբ ուսուցչուհու մոտ խնդիրներ են ծագել, մարքսիստը, առանց երկրորդ կողմին լսելու, դիմել է որոշակի քայլերի, որոնք «սազական չեն տղամարդուն, առավել եւս քաղաքական գործչին». «Ես կարող եմ միայն ենթադրել, որ դա եղել է  հատուկ նպատակով` դնել ու «ջարդել» մի դպրոց ու մի ղեկավարի»:  Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Լ. Պապյանը պետք է հանդիպեր կրթության պետական տեսչության 2 մասնագետների հետ, որպեսզի  ներկայացներ իր տեսակետը, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ ուսուցչուհին չի եկել դպրոց: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Լ.Պապյանը չի ներկայանում աշխատանքի` պատճառաբանելով, որ հիվանդ է եւ ունի անաշխատունակության թերթիկ:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Լ.Պապյանի հետ, սակայն վերջինս, լսելով   թերթի անունը, անմիջապես անջատեց հեռախոսը եւ դարձավ անհասանելի:   

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս