Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երեւանում մեքենան պայթեցնելու եղանակով ցանկացել են սպանել Արմեն Պողոսյանին, որը անցնում է հայտնի «Բոդոլ»-ի սպանությունը նախապատրաստելու գործով։
Նախ՝ ամենասկզբից:
Հուլիսի 20-ին հրապարակում արվեց այն մասին, որ Երեւանում, մեքենան պայթեցնելու եղանակով, ցանկացել են սպանել Արմեն Պողոսյանին։ «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։
Նշենք, որ shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երեւանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե էլեկտրասյանը։
Մինչ շտապօգնության ժամանումը՝ քաղաքացիները օգնության են հասել վարորդին, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Իսկ ի՞նչ պատմության մեջ է հայտնվել Արմեն Պողոսյանը, ում մեքենան պայթեցնելու միջոցով ցանկացել են սպանել.
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով ու 329-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, մեղադրանք է առաջադրվել հետեւյալ արարքների համար. Ա.Պողոսյանը շահադիտական դրդումներով, պատվերով` 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնելով կազմակերպել ՀՀ քաղաքացի Արսեն Բենիկի Չիչյանի բոլորին հայտնի «Բոդոլի» սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացի Լեւոն Ռուբենի Խուդոյանի հետ` խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո եւ սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող` 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաեւ 1000 ԱՄՆ դոլար: Ի կատարումն Արմեն Պողոսյանի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ Լեւոն Խուդոյանը, վերահսկելով Արսեն Բենիկի Չիչյանի տեղաշարժը, 2014թ. հունիսի 23-ին` ժամը 01:25-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 31-րդ շենքի բակում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած Արսեն Բենիկի Չիչյանի ուղղությամբ՝ պատճառելով վերջինիս մարմնական վնասվածքներ, սակայն կազմակերպչի գործողությունները չեն հաջողվել կամքից անկախ պատճառներով:
Չբավարարվելով արդյունքով` ստացված պատվերով սպանությունն ավարտին հասցնելու եւ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Արմեն Պողոսյանը ցուցում է տվել Լեւոն Խուդոյանին շարունակել վերահսկել Արմեն Չիչյանի տեղաշարժը եւ առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը: Արմեն Պողոսյանը հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ի վերջո Լեւոն Խուդոյանը նախապատրաստվող սպանությունների մասին հաղորդել է իրավապահ մարմիններին:
Ըստ Armlur.am-ին հասած լուրերի՝ իրավապահներին հաղորդում ներկայացրած անձը առողջական խնդիրներ ունի:
Ո՞վ է «Բոդոլը»
«Բոդոլ» մականունով Արսեն Չիչյանը, ում ցանկացել են սպանել, առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին, երբ Արսենը իր շրջապատով հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա, որին ի պատասխան՝ քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել նրանց տան գույքը, ռետինե մահակով ծեծել Արսենի մորը, հորը եւ քրոջը: Բացի այդ, Արսենը, ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի, հայտարարել է, թե մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ու նրա կնոջը` Մադլեն Թաշչյանին պատկանող «Մեթլ Փրինս» ընկերության 10 % բաժնեմասի տերն է ու իր դեմ մահափորձը պայմանավորում է հենց այդ հանգամանքով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ























