Գերմանացի հանրահայտ մրցավար Ֆելիքս Բրիխը մասնագիտական նրբություններ է ներկայացրել, հայտնում է A Bola-ն: Մրցավարը, որը կարծես «կարդում էր» Նեյմարին, խոսել է բրազիլացու հետ խաղադաշտում ունեցած հարաբերությունների մասին.
«Նա գործնականում լեգենդ է և ոչ առանց պատճառի: Բայց արդեն սովոր էի նրան: Որքան նա ենթադրյալ ցավից ծամածռում էր դեմքը, այնքան ես թույլ էի տալիս, որ խաղը շարունակվեր: Ուժեղ ցավերից տառապող ֆուտբոլիստը մնում է խոտածածկին, ոչ թե անվերջ գալարվում:
Հաճախ որոշում է կայացվում՝ ելնելով ֆուտբոլիստների արձագանքից: Եթե նրանք սկզբում նայում էին ինձ, ապա դա այնքան էլ լուրջ չէր կարող լինել: Եթե թիմակցի հանդեպ հոգատարությունը կամ մրցակցի արարքի նկատմամբ արձագանքն ավելի մեծ էր լինում, դա այլ հարց է:
Ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում կատարելագործել են սիմուլյացիայի արվեստը, բայց VAR-ի ներդրումից հետո այդ առումով նրանք մեծ բարդությունների են հանդիպում»,–ասել է հանրահայտ մրցավարը:
Ֆելիքս Բրիխը ՖԻՖԱ-ի մրցավար է եղել 2007 թվականից: 2014 թվականին նա սպասարկել է Եվրոպա լիգայի եզրափակիչը, իսկ 2017 թվականին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

























