Շվեյցարիան որոշել է սահմանափակել Ուկրաինայի յոթ արևմտյան շրջաններից եկած ուկրաինացի փախստականներին պաշտպանության կարգավիճակի (S Status) տրամադրումը, հաղորդում է SRF-ը։
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է նոյեմբերի 1-ից փոխել ուկրաինացիներին պաշտպանության կարգավիճակ տրամադրելու իր մոտեցումը:
Քանի որ Ուկրաինայում «հուսալի կայունացումը… միջնաժամկետ հեռանկարում իրատեսական չի թվում», Շվեյցարիայի կառավարությունը կշարունակի պաշտպանության կարգավիճակ տրամադրել ուկրաինացիներին։ Սակայն Շվեյցարիայի խորհրդարանը պահանջել է տարբերակում մտցնել Ուկրաինայի շրջանների միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ շրջաններ է հնարավոր վերադառնալ, որ շրջաններ՝ ոչ:
Շվեյցարիայի կառավարությունը կատարել է այս պահանջը և ընդունելի համարել ուկրաինացիների վերադարձը Վոլինի, Ռովնոյի, Լվովի, Տերնոպոլի, Զակարպատյան, Իվանո-Ֆրանկովսկի և Չեռնովցիի շրջաններ։
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն այս տարվա նոյեմբերի 1-ից։ Նրանք, ովքեր արդեն ստացել են պաշտպանության կարգավիճակ, չեն ենթարկվում նոր սահմանափակումներին։
Դաշնային խորհուրդը որոշել է նաև, որ պաշտպանության կարգավիճակը կվերացվի 2027 թվականի մարտի սկզբից ոչ շուտ։
«Պատկերացրեք՝ Շվեյցարիայում ներկայում պաշտպանության կարգավիճակ ունեցող փախստականների միայն 10%-ից մի փոքր ավելին է գալիս դաշնային կառավարության կողմից այժմ անվտանգ համարվող շրջաններից»,- նշել է SRF-ի խմբագիր Դոմինիկ Մայերը։
Միգրացիայի պետական քարտուղարությունը (SEM) կշարունակի առանձին-առանձին քննարկել Ուկրաինայի յուրաքանչյուր դիմումը։ Եթե SEM-ը մերժի պաշտպանության դիմումը, քանի որ անձը գալիս է այնպիսի շրջանից, որտեղ վերադարձը համարվում է ընդունելի, արտաքսման որոշում կկայացվի։
Այնուամենայնիվ, եթե մասնավոր դեպքում որոշման կատարումն իրավաբանորեն անհնար լինի կամ՝ անհատապես անընդունելի, անձին ժամանակավորապես կթողնեն Շվեյցարիայում։
Ուկրաինացիները, որոնք նոր կանոններով այլևս պաշտպանության կարգավիճակ չեն ստանա, կարող են դիմել ապաստանի համար։ Նրանք նաև կարող են մեկնել ԵՄ որևէ երկիր։





























