ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոնե ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հենց իմացել են` սերտիֆիկատ են ստանալու, միանգամից վազել են ննջասենյակ եւ զբաղվել են երեխայաստեղծ գործունեությամբ»,-անդրադառնալով կոալիցիայի «Ծնելիության սերտիֆիկատ» նախաձեռնությանը  եւ դրան վերագրվող ծնելիության աճին` նշեց առողջապահության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Մկրտչյանը:
-Պարո՛ն Մկրտչյան, հայտնի է, որ առողջապահության նախարարությունն ակտիվ քննարկում է կամավոր առողջապահական ապահովագրության մասին օրենքի նախագիծը, որից հետո, ըստ տեղեկությունների, անցում է կատարվելու պարտադիրին: Մինչդեռ մասնագետները նշում են, որ դա դառնալու է նոր ԱՊՊԱ:
-Ընդհանրապես բժշկական ապահովագրությունն ամենաքաղաքակիրթ ձեւն է, որն ամբողջ աշխարհում գործում է` անկախ տնտեսական զարգացման մակարդակից: Շատ պարզ բանաձեւ գոյություն ունի. աշխատողը վճարում է չաշխատողի համար, առողջը` հիվանդի համար, երիտասարդը` ծերերի, սկզբունքը համերաշխությունն է: Այս սկզբունքը դրել են երկրներն ու աստիճանաբար գնում են:
-Բայց մեզ մոտ ինչպե՞ս է աշխատելու, եթե հաշվի առնենք, որ առողջապահության համակարգն, ըստ էության, 4 հոգու ձեռքին է` նախարար Քուշկյանի, Սերժ Սարգսյանի խնամու եւ այլն:
-Միանշանակ. օլիգարխիան այս համակարգ ներմուծվել է, եւ բոլոր արատները, որ գոյություն ունեն Հայաստանում, կան նաեւ այստեղ: Դժբախտաբար: Եւ իրոք, ահավոր նոնսենս է. առողջապահության համակարգում մի օլիգարխ նախարար, որը մեծ բիզնես շահեր ունի համակարգում, իրականացնում է համակարգի քաղաքականությունը, մի այլ օլիգարխ` հանձնաժողովի նախագահ, հարգարժան Արա Բաբլոյանը, էլի լրջագույն բիզնես շահեր ունենալով, օրենսդրական դաշտ է ապահովում: Այսինքն` նման բան ոչ մի նորմալ երկրում չի կարող լինել:
-Հայ ազգային կոնգրեսը մշտապես բարձրաձայնում է արտագաղթի մասին: Ի՞նչ կարող եք ավելացնել ավելի մասնագիտորեն:
-Արտագաղթի հետեւանքով երկրում տարիքա-սեռային կազմն է փոխվում. աշխատունակ, 20-45 տարեկան վերարտադրողական տարիքի մարդիկ մեկնում են, եւ էստեղ ծերացող բնակչությունն է մնում: Ընդհանրապես, կյանքի միջին տեւողությունը տարեցտարի ավելանում է, այսինքն` երկրագունդը ծերացող հասարակություն ունի, բայց Հայաստանում դա մեխանիկական բնույթ է կրում. ոչ թե կյանքի միջին տեւողությունն է ավելանում, այլ մեկնողների հաշվին մեխանիկորեն ունենում ենք ծերացող բնակչություն: Մանավանդ մարզերում, որտեղ ահավոր է: Էստեղից է, որ անընդհատ զարմանում են, թե ինչու է ծնելիության տոկոսն իջնում: Բայց եթե մենք վարչապետի գործունեության արդյունքում վերարտադրման տարիքի բնակչությանն ուղարկում ենք դուրս, ծնելիությունը պետք է ավելանա՞:
-Կարծեմ ինչ-որ խթանող ծրագրեր են ներդրվում` «Ծնելիության սերտիֆիկատ»:
-Նախ ասեմ, որ սա ուղիղ վերցված, արտատպած էր Պուտինից: Ռուսներն ինչ անում են, սրանք կրկնում են: Մինչդեռ ռուսները դեմոգրաֆիական մի խնդիր ունեն, մենք` այլ: Ինչեւէ. ներդրվեց, որ անվճար բուժօգնություն են ստանալու ու մեկ տարին դեռ չլրացած` նախարարությունը, Հանրապետականը, «Բարգավաճ»-ը, նույնիսկ դրան միացավ ՕԵԿ-ը, ամպագոռգոռ հայտարարություն արեցին, որ սերտիֆիկատ ներդնելու հետեւանքով ծնելիությունը Հայաստանում աճել է: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հենց իմացել են՝ սերտիֆիկատ են ստանալու, միանգամից վազել են ննջասենյակ եւ զբաղվել են երեխայաստեղծ գործունեությամբ: Սե՞նց աբսուրդ: Օրինակ` 2002 թվականին մենք, իրոք, երկու տարի շարունակ աճ ունեցանք: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Ոչ թե սերտիֆիկատն էր պատճառը, այլ ամուսնությունների թվի աճը. հետպատերազմյան տարիներից, երկրաշարժից հետո տեղի է ունենում ծնելիության աճ, որը բնական երեւույթ է: Այսինքն` այն երեխաները, որոնք ծնվել էին երկրաշարժից հետո, 2009-2010-ին հասել էին հասուն վերարտադրողական տարիքի, եւ գրանցվեց ամուսնությունների թվի աճ: Այնպես որ, այդ աճն ավելի շատ ժողովրդագրական հիմքեր ունի, քան սերտիֆիկատի ու մանավանդ «կոալիցիոն»:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս