ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԱՆՈՐԻՑ ՀԵՏՈ
Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ցուցակը քննարկելու է Ամանորից հետո: Այդ մասին երեկ հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԱԶԱՏՎԵԼ Է
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն ազատվել է իր պաշտոնից: Նրան կփոխարինի Սերգեյ Մակարյանը, ով մինչ այդ քաղաքապետարանում զբաղեցնում էր վարչական շրջանների հետ աշխատանքների վարչության պետի պաշտոնը: Իսկ Վահե Ստեփանյանը վերադարձել է իր նախկին աշխատավայր` «Հայռուսգազարդ»:

ՀԱԿ-Ը ՔՆՆԱՐԿԵԼ Է
Երեկ կայացել է ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որտեղ քննարկվել են  դեկտեմբերի 10-ին նախատեսված երթի անցկացման նախապատրաստական աշխատանքները: Քննարկվել են նաեւ ընտրությունները թափանցիկ եւ օրինական դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները:

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ» ԴԵՄ Է
«Սարդարապատ» շարժումը դեմ է 2012թ. խորհրդարանական ընտրություններին քաղաքական առողջ ուժերի մասնակցությանը: Այդ մասին երեկ հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը` հատկապես կուսակցությունների շարքային անդամներին կոչ անելով օլիգարխների ձեռքին խաղալիք չդառնալ եւ չարձագանքել պայքարի կեղծ կոչերին. «Երկրում ընտրությունները վերածվել են իշխանության վերարտադրման միջոցի, իսկ դրանում մասնակցող բոլոր անձինք եւ ուժերն այդ հանցագործության մեղսակիցներն են»:

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆ
ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ուղղված ԼՂ հակամարտության գոտում վստահության միջոցների եւ անվտանգության ապահովման ամրապնդմանը: Այս մասին նախօրեին Վիլնյուսում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:

ԱՆՏԱՌԸ ԿՆՎԻՐԵՆ
Այսօր  կառավարության նիստում նախատեսվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից 147.51 հեկտար տարածք պահպանության նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին: Որոշման նախագծում նշված է, թե այդ տարածքի ծառերը հատվել են դեռ 90-ականներին, ուստի ընկերության կողմից քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու դեպքում նշված տարածաշրջանում մասամբ կլուծվի գործազրկության խնդիրը, եւ կստեղծվեն աշխատատեղեր: Փաստորեն, հերթական անգամ կառավարությունն օտարում է անտառները` հանուն կոնկրետ մարդկանց բիզնես շահի:




Լրահոս