Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում` երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ, վաղ առավոտյան դրվել էին ծաղկեպսակներ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների անուններից: Այս տարին բացառիկ էր նրանով, որ հյուրերի թիվը շատ քիչ էր: Մայրաքաղաքից Գյումրի էր ժամանել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում ուղեկցում էին տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, իսկ պատգամավորներից միայն ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր:
Վարչապետը տեղական եւ մարզային իշխանությունների ուղեկցությամբ ծաղիկներ դրեց զոհերի հուշակոթողի մոտ եւ շտապեց Ամասիա: Այնտեղ տեղի ունեցավ առողջության եւ համայնքային կենտրոնների բացման արարողությունը: Կառույցների վերանորոգումն իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ, ծախսվել է շուրջ 88 միլիոն դրամ: 1970 թվականին կառուցված առողջության կենտրոնի շենքը երկրաշարժից հետո գտնվում էր անմխիթար վիճակում: Այն սպասարկում էր նախկին շրջկենտրոնի եւ հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի: Վերակառուցումից հետո հիվանդանոցը համալրվել է ժամանակակից սարքավորումներով: Միակ խնդիրը մասնագետ կադրերի պակասն է, որը ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոստացավ առաջիկայում լուծել:
«Մենք ունիվերսալ մասնագետներ ենք պատրաստելու, որպեսզի օրինակ թերապեւտը կարողանա տեղում մի քանի օգնություն ցուցաբերել: Համալիր մոտեցում է, եւ ես գտնում եմ, որ ազգաբնակչությունը շատ գոհ կլինի առողջության կենտրոնի աշխատանքից»,-շեշտեց նախարարը:
Հյուրերը շրջեցին շահագործման հանձնված շենքերում, ծանոթացան բուժհաստատության պայմաններին: Ապա վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ամասիայի կարի ֆաբրիկա: Այն շահագործման հանձնվեց այս տարի, որի բացման արարողությանը մասնակցեց Սերժ Սարգսյանը: Հետագայում լուրեր էին շրջանառվում, թե «ՎԿՍ Արմենիա» ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձ չի վճարում, եւ որ նորաբաց գործարանը կարող է փակվել: Ընկերության տնօրենը, սակայն, հերքեց այդ լուրերը` նշելով, որ իրենք արտադրանքի սպառման խնդիր չունեն: Հագուստներն արտահանում են Գերմանիա, պարզ ասած` տեղի շուկայում խուսափում են գործունեություն ծավալել, հետեւաբար գործարանը չի կարող ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցնել իր գործունեությունը:
Հարկ է նշել, որ նախապես ՀՀ կառավարության մամլո ծառայության աշխատակիցները լրագրողներին տեղեկացրել էին, որ վարչապետը հարցազրույց կտա Ամասիայում, սակայն հետո պարզվեց, որ պլանները փոխվել են, «որովհետեւ Տիգրան Սարգսյանը շտապում է»: Եւ որպեսզի լրագրողները «ծանր» չտանեն այդ լուրը, հարկ համարեցին փոխանցել, որ «վարչապետն ասում է, թե անելիքներ աղետի գոտում շատ կան»:
Գյումրի