Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում առաջին անգամ կազմակերպված Աղոթքի նախաճաշ միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման գալա ընթրիքին, որին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշանակալի այդ իրադարձությունը կազմակերպվել է հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից։ Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։

Աղոթքի նախաճաշի հեռահար նպատակն է նաև ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։

Աղոթքի նախաճաշը կազմակերպվում է բացառապես հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից. այն պետական միջոցառում չէ, այլ հավատքի, միասնության և ընդհանուր բարոյական տեսլականի համատեղ արտահայտություն է։

Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությունը Հայաստանի այլ քրիստոնեական համայնքների հետ միասին արտացոլում է խաղաղության և համագործակցության այն ոգին, որն այս միջոցառման հիմքն է։

«Սա նշանակալի պահ է Հայաստանի Հանրապետության և բոլոր նրանց համար, ովքեր կանգնած են Հայաստանի կողքին՝ հավատքով ու աղոթքով միասին դեպի ապագան նայելու։ Աղոթքի նախաճաշը հոգևոր իրադարձություն է, որի արմատները հասնում են Հայաստանի դարավոր քրիստոնեական ժառանգությանը և բարոյական արժեքների վրա հիմնված առաջնորդության մոդելին։ Աղոթքի նախաճաշ միջոցառմամբ Հայաստանը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու»,- նշեց միջոցառման կազմակերպիչ,  «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ նախագահ Ստեփան Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ գլխավոր ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության ժառանգությանը և հասարակական կյանքում անձնական հավատքի կարևորությանը:

Փաշինյանը նշեց, որ նման ձևաչափով միջոցառման մասնակցում է երկրորդ անգամ։  Առաջինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած Ազգային աղոթքի նախաճաշն էր, որն իր վրա թողել է ցնցող տպավորություն։

«Ես հասկացա, թե կոնկրետ ինձ համար և իմ տեսակետից ինչ է պակասում իմ հոգևոր կյանքում։ ԱՄՆ-ում ամենատարբեր զբաղմունքի և կարգավիճակի մարդիկ պատմում էին իրենց հոգևոր զգացմունքների ու փորձի մասին, հավատի իրենց ճանապարհի մասին, այդ ճանապարհին իրենց ապրած կասկածների, երկմտությունների մասին։ Մարդիկ պարզապես կիսվում էին իրենց հոգևոր զգացմունքներով, ու ես հասկացա, որ դա շատ է պակասում մեզ։ Իհարկե, մենք մեծ պատկառանքով մասնակցում ենք մեր եկեղեցական արարողություններին ու պատարագներին, բայց այստեղ կա մի նրբություն։ Պատարագի մասնակիցներն իրենք սովորաբար խոսելու հնարավորություն չեն ունենում»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ մարդիկ առաջնորդվում են շատ պատկառազդու արարողությամբ, որին ինքը նույնպես մասնակցում է խանդաղատանքով։ Փաշինյանի դիտարկմամբ՝ նրանք, ովքեր խորանին չեն կամ այնտեղ բարձրանալու և խորանից խոսելու արտոնություն չունեն, սեփական զգացմունքներով առհասարակ կիսվելու հնարավորություն չունեն։

«Վաշինգտոնում հասկացա, որ այդ հանգամանքը շատ կարևոր է։ Նախապես Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու տոմարով Սուրբ Զատկի և Սուրբ Ծննդյան օրերին սկսել էի մեր ժողովրդին դիմել ուղերձով և նրան շնորհավորել սաղմոսով։ Սա իսկապես շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրար պատմեն Աստծո մասին, Հիսուս Քրիստոսի մասին, Քրիստոսի հետ իրենց շփումների, խոսակցությունների մասին։ Այո, Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է, և այդ փաստն արձանագրված է գրքերում, բայց տվյալ ձևաչափն առաջին հերթին անհատի և մարդու մասին է, բայց նաև մարդու և Աստծո հարաբերությունների մասին է։ Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին տպավորություններով կիսվելը մեզ շատ բան է ասում, այդ թվում՝ ինքներս մեր մասին։ Մենք, Աստծո մասին պատմելով, ըստ էության, պատմում ենք մեր մասին, որովհետև հավատալ Աստծուն, նշանակում է հավատալ, որ Աստված ապրում է քո մեջ, ուստի Աստծո մասին պատմելը մարդուն օգնում է իմանալ շատ բան, այդ թվում՝ իր հավատի պատմության մասին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրեց, որ կրոնական հանդուրժողկանությունը միշտ կառավարության օրակարգերում է, և սա այն դեպքերից է, որ պետական այրերի հայտարարություններն ու որոշումները պետք է վերածվեն կոնկրետ մարդկային շփումների, որոնք շատ կարևոր են։

Հայաստանում գործում են կրոնական տարբեր համայնքներ ու ազգային փոքրամասնություններ, և սա, Փաշինյանի կարծիքով, մի առիթ է, որպեսզի մարդիկ իրար լավ ճանաչեն, հնարավորություն ունենան պատմել մեկմեկու Աստծո հետ ունեցած իրենց հարաբերությունների մասին։

Կառավարության ղեկավարը ներկաներին հայտնեց, որ առաջին անգամ Նոր Կտակարանի հետ առնչություն է ունեցել դեռ դպրոցական տարիներին, երբ որպես նվեր ստացել է Սուրբ գիրքը։

«Երբ սկսեցի ընթերցել, պարզապես փշաքաղվեցի ու հասկացա, որ հնարավոր չէ, որ մարդը ստեղծեր այդ տողերը։ Նոր Կտակարանը կարդացել եմ տասնյակ անգամներ և մի առիթով պատգամավոր գործընկերներիս հետ խոսելիս՝ հիշատակեցի մի հատված, որի պատճառով հավատացի Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Դա Մաթեոսի Ավետարանի 25-րդ գլխի «Վերջին դատաստանը» վերնագրով հատվածն է»,- մանրամասնեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ տարիներ հետո այդ դիպվածի բերումով գիտակցել է, թե որն է այն ուղերձը, որն իրեն մոտեցրեց Աստծուն, որն իրականացրեց իր հանդիպումն Աստծո հետ, իրականացրեց իր հաղորդակցությունը մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի հետ։

Փաշինյանը հայտարարեց, որ օրվա խորհուրդը շատ կարևոր է, ուստի ելույթն ավարտեց սաղմոսով (համար 29, Շնորհակալության աղոթք, Դավթի սաղմոսը, Տաճարի նավակատիքի օրհնությունը)։

 




Լրահոս