«ՄԵՆՔ ԷԼ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում ԱԺ ընտրություններին մեծամասնական կարգով իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել «Պրեսս Ստենդ» ընկերության սեփականատեր Արման Սահակյանը: Թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւս առաջադրելու է իր թեկնածությունը:
-Բոլորն էլ կարող են առաջադրվել, դրանում որեւէ զարմանալի, արտառոց բան չեմ տեսնում: Մյուս կողմից դեռ վաղ եմ համարում խոսել, թե ով է առաջադրվելու. դրա համար կա կոնկրետ ժամանակ, եւ երբ առաջադրումները սկսվեն, կտեսնենք` ով է առաջադրվելու: Իսկ հիմա ինչ անուններ են դրվում շրջանառության մեջ, ով ինչ հավակնություններ ունի` ես չեմ կարող ասել:
-Իսկ ինքներդ առաջադրվելո՞ւ եք:
-Այո՛, ես մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու եմ իմ ընտրատարածքում` թիվ 34-ում:
-Հնարավո՞ր է` փոխեք Ձեր որոշումը:
-Իմ որոշումն անփոփոխ է: Ավելին, ես ուղղակի պատճառ չեմ տեսնում չառաջադրվելու համար: Ես Շիրակի մարզում հսկայական աշխատանք եմ կատարել, ԲՀԿ-ի հետ միասին հսկայական ծրագրեր ենք իրականացրել: Այնպես որ, այդքանից հետո ինչո՞ւ չպետք է առաջադրեմ:
-Այնուամենայնիվ, կարծես թե իշխանությունները Ձեր փոխարեն այլ մարդու են ցանկանում տեսնել: Ավելին, Արման Սահակյանն, ըստ լուրերի, վայելում է Սերժ Սարգսյանի փեսայի հովանավորությունը:
-Ես չեմ ճանաչում նրան, չեմ լսել, չգիտեմ` ում մասին է խոսքը:
-Եթե Ձեր մրցակիցը լինի իշխանության, ՀՀԿ-ի հովանավորյալը, հնարավո՞ր է` առաջիկայում Ձեր դեմ իշխանական, իրավապահների ուժային լծակները կիրառվեն: Ժամանակին Դուք հայտարարել էիք, որ քաղաքապետի ընտրություններում հաղթել եք Վարդան Ղուկասյանին, բայց պարտվել Երեւանից եկած սպեցնազին:
-Կարող է փորձեն, բայց այնուամենայնիվ, այս անգամ այդպես չի լինելու: Մեկնաբանություններ կտամ ավելի ուշ, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ համարում ԱԺ ընտրությունների մասին խոսելը: Կգա նախընտրական շրջանը, երբ առաջադրվեն թեկնածուները, սկսվի քարոզարշավը, բնականաբար, մանրամասն կխոսեմ մեխանիզմների, խնդիրների եւ այլնի մասին: Ընդամենն ասեմ, որ մենք էլ ունենք մեր ռազմավարությունը, մեր մշակած մեխանիզմները, որոնք, սակայն, ժամանակից շուտ չենք գաղտնազերծի:
-Ձեզ պատկանող «Տրանս ակնթարթ» ընկերությունը, որն իրականացնում է Գյումրի-Երեւան ուղեւորափոխադրումներ, զարմանալիորեն հենց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների ժամանակ սկսում է չգործել. կա՛մ մեքենա չի լինում, կա՛մ մեքենաները բոլորը միասին փչանում են: Արդյո՞ք հենց հանրահավաքի օրերին  հանրապետության բոլոր մարզերում, այդ թվում Շիրակի մարզում տրանսպորտի գործունեության դադարեցումը քաղաքական ենթատեքստ չունի:
-Մեզ մոտ քաղաքական ենթատեքստ չկա, մեզ մոտ մեքենաները նորմալ աշխատել են: Երբ այդ մասին խոսեցին, եկան, մեզ մոտ ստուգումներ արեցին: Մենք ցույց ենք տվել «Հայավտոկայան»-ի գրանցամատյաններով, չվացուցակներով, որ բոլոր մեքենաներն էլ գրանցված աշխատել են: Ուղղակի միտինգի օրերին մարդկանց ուղեւորահոսքը շատ է, եւ քանի որ «Տրանս ակնթարթ»-ի մեքենաները սահմանափակ են` ընդամենը 14-ը, խնդիր է առաջացել: Մենք որքան հնարավոր է` ուղեւորափոխադրում իրականացրել ենք: Նման խնդիրներ մեզ մոտ լինում են նաեւ կիրակի-երկուշաբթի օրերին մշտապես, երբ ուսանողների հոսքը Երեւան շատանում է:
-Այնուհանդերձ, տարօրինակ չե՞ն այդ զուգադիպությունները:
-Վստահեցնում եմ` քաղաքական ենթատեքստ չկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս