«Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Զրույցը վերաբերել է քաղաքականության մեջ նրա առաջին քայլերին, հեղափոխության մեջ ունեցած դերակատարությանը, զբաղեցրած պաշտոններին եւ մի շարք այլ հարցերի։
Հարցազրույցի առաջին մասը «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա՝ 3203 համարում:
Մխիթար Հայրապետյան.
-Ինչ վերաբերում է հեղափոխության կայացման ընթացքում պաշտոնական ներգրավվածության մասին մտքերին՝ դա իրականում ընդհանրապես չէր քննարկվում։
Առաջին խոսակցությունները պաշտոնների մասին սկսվեցին միայն մայիսի 9-ին, երբ վարչապետն արդեն ընտրված էր։ Այդ ժամանակ հենց վարչապետն ասաց, որ պետք է համախմբվենք, ստանձնենք պատասխանատվություն եւ քաղաքական առաջնորդություն։ Այսինքն՝ պաշտոնների մասին խոսք է եղել միայն այն ժամանակ, երբ «Ոչ բռնի թավշյա հեղափոխությունը» արդեն կայացել, իրականություն էր դարձել։
-Պարո՛ն Հայրապետյան, Դուք նշանակվեցիք սփյուռքի նախարար հեղափոխությունից հետո՝ բավականին երիտասարդ տարիքում, բայց այնուհետեւ նախարարությունը լուծարվեց։ Այդ քայլը հիմա շատերի կողմից մեկնաբանվում է որպես հեղափոխության մասնակիցների (բացասական) վերաբերմունք սփյուռքի նկատմամբ։ Համաձա՞յն եք այդ տեսակետին։
-Իհարկե՝ ոչ։ Ես բազմիցս ասել եմ, որ դա վերաբերում էր կառավարման մոդելի իմաստավորմանը, ոչ թե վերաբերմունքին։ Նախարարության գոյությունը կամ չգոյությունը չի կարող արտահայտել պետության վերաբերմունքը սփյուռքի հանդեպ։ Պետության վերաբերմունքն արտահայտվում է գործերով, քաղաքականությամբ, իրականացվող ծրագրերով: Շատ ավելի կարեւոր արտահայտչամիջոցներ կան իրականում, որ պետությունը դրսեւորում է՝ ցույց տալու իր վերաբերմունքը:
Երբ այդ շրջանում գնացի Ազգային ժողով, «կրթության գիտության….» երկար անվանումը կրող այդ հանձնաժողովին եւ ԱԺ նախագահին ներկայացրի, որ մանդատի շրջանակում այդտեղ առաջին անգամ նախատեսվի նաեւ «սփյուռք»-ը, այսինքն՝ կրթության գիտության նախարարության անվան երկար հապավման մեջ ընդգրկվի նաեւ «սփյուռք» բաղադրիչը։ Եվ այդ երկու «ս» տառերից մեկը՝ «սպորտ» եւ «սփյուռք», հենց նշածս «սփյուռք»-ը դարձավ: Սա հենց այդ ազդակներից էր՝ ցույց տալու համար սփյուռքին, որ այստեղ վերաբերմունքի որեւէ փոփոխություն չկա։ Պարզապես կառավարումը փոխվեց։
-Կա տեսակետ, որ սփյուռքի որոշ շրջանակներ նեղացած են իշխանությունից։ Համաձա՞յն եք։
-Նայած՝ որ շրջանակների մասին է խոսքը։ Կան շրջանակներ, որոնք հիմա ավելի սերտ են աշխատում Կառավարության հետ, քան երբեւէ։ Եվ կան շրջանակներ, հատկապես տարբեր կուսակցություններին մոտ կանգնածները, որոնց դեպքում, այո, կապը որոշ չափով թուլացել է։ Դա ինձ համար ցավալի է։
Իմ պատկերացմամբ՝ տարբեր համայնքներ, կազմակերպություններ պետք է մի կողմ դնեն քաղաքական կամ գաղափարական տարաձայնությունները եւ համախմբվեն Հայաստանի պետական շահի շուրջ։ Մեզ պետք է ընդհանուր պետական գաղափարախոսություն, որից դուրս քաղաքական ճաշակները երկրորդական կլինեն։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ
Միքայել, Բագրատ եւ Արշակ սրբազանները երեկ նամակ են գրել ԱԱԾ մեկուսարանից.
«Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով եւ հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով՝ իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։
Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ եւ անթաքույց լկտիությամբ թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։
Նողկալի է, որ սույն բանդային նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաեւ իրենց եռակի օծումը ոտնահարված եւ մերժած «հոգեւորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։
Սույն հանցավոր զինված բանդայի դեռեւս ազատության մեջ գտնվելը խոսում է, իբրեւ թե, իր սուվերենությունը «գտած», սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցագործ սուբյեկտների կողմից։Սակայն վստահ ենք, պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք խղճի կալանավորներս։
«Եթե Աստված մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»։
Հաղթանակի վստահությամբ՝
«ԳՈՐԾԻ ԱՆԱՉԱՌ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ». ՓԱՍՏԱԲԱՆ
Երեկ՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ, փաստաբան Գայանե Պապոյանը գրառում է արել. «Այսօր, երբ ամբողջ աշխարհում նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ անտեսված այն հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ անձի ազատությունն ու արդար դատաքննության իրավունքը պետք է պաշտպանված լինեն առանց բացառության։ Այն, ինչ տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, ըստ էության, հակասում է այդ սկզբունքներին», – գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Մարդու իրավունքների օրը չի կարող լինել ձեւականություն, երբ իրական մարդկանց ազատություններն ու արժանապատվությունը նստվածքի նման մնում են դատական համակարգի անկատարությունների ներքո։
Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է բարձրաձայնել, որ յուրաքանչյուր սահմանափակում, այդ թվում՝ ազատազրկումը, պետք է հիմնվի բացառապես օրենքի վրա, ոչ թե քաղաքական կամ անձնական մոտիվների։ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ կայացված դատավճիռը պետք է ենթարկվի անաչառ, թափանցիկ եւ շտապ վերանայման, իսկ նրա իրավունքների կոպտագույն խախտումները՝ անհապաղ վերացվեն։
Մարդու իրավունքների միջազգային օրը պարտադրում է ոչ թե գեղեցիկ հայտարարություններ, այլ գործողություններ։ Իսկ գործողությունը, այս դեպքում մեկն է՝ վերականգնել Դավիթ Համբարձումյանի իրավական վիճակն օրենքի պահանջներին համապատասխան եւ ապահովել նրա իրավունքների լիարժեք պաշտպանությունը»,-գրել է փաստաբանը։























