«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 21-ին ընկերության գլխամասային գրասենյակում ընդունել է «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին և վարչության անդամ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԷՑ ՓԲ Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը և Գլխավոր տնօրենի խորհրդական Մ. Պողոսյանը:
Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցության ընթացիկ պայմանների հնարավոր լավարկմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև քննարկվել են «Արդշինբանկ» ԲԲ Ընկերության կողմից ՀԷՑ-ին մատուցվող ընթացիկ գործառնությունների պայմաններին և ժամկետներին վերաբերող մանրամասներ:
Հարցադրումներին ի պատասխան՝ ժամանակավոր կառավարիչը նշել է, որ ընկերությունն այս պահին գտնվում է ֆինանսապես կայուն և տնտեսապես բարենպաստ վիճակում, ինչը հնարավորություն է ընձեռում ընկերությանը ոչ միայն կատարելու իր առջև դրված ֆինանսական պարտավորությունները, այլ նաև հանդես գալու այլ գործառնություններով:
Քննարկվել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Արդշինբանկ» ԲԲ ընկերության միջև ընթացիկ համագործակցության շրջանակում առկա մի շարք հարցեր՝ ընդգծելով կողմերի միջև երկուստեք պատրաստակամությունը փոխադարձ գործընկերային հարաբերությունների բովանդակային լավարկման արդյունքում համագործակցությունը բերելու ավելի փոխշահավետ մակարդակի:





















































































