Armenian text to speach

Արդշինբանկի վարչության նախագահը և բրենդի դեսպան Արթուր Ալեքսանյանն այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 26-ին Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը և բրենդի դեսպան, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այցելեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներին: Ջերմ մթնոլորտում կայացավ հյուրերի հանդիպումը զինծառայողների և վետերանների հետ, ինչը դարձավ մեր երկրի պաշտպանների հանդեպ խորը հարգանքի,  աջակցության և միասնության ևս մեկ արտահայտություն:

Այցելության ընթացքում հայտարարվեց նոր նախաձեռնության մասին, համաձայն որի  այսուհետ բանկի կանխիկի մուտքագրման բանկոմատներում, փոխարկման գործարքի ժամանակ ձևավորված մետաղադրամը հնարավոր կլինի  հեռախոսահամարին ուղղելուց բացի փոխանցել Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին: Զինվորի տուն բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադրման պահից Արդշինբանկը հանդիսանում է վերջինիս մշտական աջակից և գործընկեր։

Իր ողջույնի խոսքում Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը մասնավորապես նշեց. «Ձեզանից յուրաքանչյուրն արդեն սխրանք է գործել, խոսքս ոչ միայն մարտի դաշտի մասին է, այլ նաև այն ամենօրյա աշխատանքի, որ դուք կատարում եք այստեղ՝ վերականգնողական կենտրոնում, ապաքինման, լիարժեք կյանքին վերադառնալու ճանապարհին: Մեզ համար կարևոր է մշտապես լինել ձեր կողքին և մեր ուժերի ներածի չափով աջակցել»։

 

Այցելության ընթացքում զինծառայողներն ու բուժառուները զրուցեցին և լուսանկարվեցին Արթուր Ալեքսանյանի հետ, հարցուփորձ արեցին մարզումների, վնասվածքներից հետո վերականգնողական ընթացքի մասին, փոխանակվեցին հոգեբանական ամրության և չհանձնվելու մասին խորհուրդներով։

Շնորհակալական խոսքով ներկաներին դիմեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հիմնադիրները՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և  Հայկուհի Մինասյանը:

«Այս տանը՝ Զինվորի տանը, այնքան պատմություններ կան, կարելի է ասել՝ մեր բանակի փառահեղ էջեր՝ խտացված մեկ տեղում: Զինվորի տան բուժառուները 90-ականներին վիրավորված, 4-օրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ վիրավորված տղաներ են: Արդշինբանկը Զինվորի տան կողքին է՝ տղաների սոցիալական  խնդիրները լուծելիս, տղաների վերաինտեգրման ծրագրերն իրականացնելիս, օպերայի փառահեղ համերգը հիշենք, երբ տղաները բեմ բարձրացան ու բոլորին ապացուցեցին, որ շարունակում են ապրել և ապրեցնել»,- նշեց Արմեն Մուրադյանը։

«Արդշինբանկի հետ համատեղ իրականացված ամենակարևոր ծրագրերից է Բալահովիտի ծրագիրը: Բանկը մեծ գումար է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ հատուկ հարմարեցված թաղամասի կառուցմանը մասնակից լինելու նպատակով: Այդ  թաղամասում 8 զինհաշմանդամի տուն է կառուցվում այս պահին,  շուտով տղաներն իրենց սեփական տներում կապրեն:

Սոցիալական և վերաինտեգրման ծրագրերն այն կարևոր կետերից են, առանց որոնց  ֆիզիկական բուժումը հաճախ անկարող կլինի տղաներին կյանքի վերադարձնել»,- նշեց Հայկուհի Մինասյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս