ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում ներկայացրել է իր մասին պատմող «Մելանյա» վավերագրական ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Դուք կտեսնեք հումոր, կտեսնեք վիշտ, կտեսնեք նորաձևություն: Ես շատ հպարտ եմ այս ֆիլմով: Այն ստեղծելը հեշտ չէր», – ասել է ԱՄՆ առաջին տիկինը ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս նշել է, որ սա «շատ կարևոր ֆիլմ է լինելու»:
«Այն ցույց է տալիս կյանքը Սպիտակ տանը: Սա իրականում մեծ բան է», – ասել է նախագահը:
«Մելանյա» ֆիլմը ֆինանսավորվել է Amazon MGM Studios-ի կողմից՝ 75 միլիոն դոլարով։ Ստուդիան 40 միլիոն դոլար է վճարել ֆիլմի և դրա հետ կապված վավերագրական սերիալի լիցենզավորման համար։ Եվս 35 միլիոն դոլար ծախսվել է ֆիլմի գովազդի և տարածման վրա:
Առաջին տիկինը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է: «Մելանյա» ֆիլմը ներկայացնում է Թրամփի 2025 թվականի երդմնակալությանը և ընտանիքի՝ Սպիտակ տուն վերադարձին նախորդող 20 օրերը։
ԱՄՆ առաջին տիկինը ITK ամսագրին հայտնել է, որ տեսախցիկները 20 օր շարունակ «օր ու գիշեր» նկարահանել են իրեն: Նրա խոսքով՝ «Մելանյա» ֆիլմը դիտողները կկարողանան ավելին իմանալ իր աշխատանքի մասին և ավելի լավ կճանաչեն իրեն։
Միջոցառմանը ներկա են եղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների ադմինիստրատոր Մեհմեթ Օզը, Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։

























































































