Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ անցկացված խոշոր ակցիայի ընթացքում, մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջել են դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հետապնդումները և ազատ արձակել ձերբակալված հոգևորականներին։
Ակցիան համընկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ։ Միևնույն ժամանակ, ըստ ռուսական մամուլի, նա Հայաստանում հասցրել է աչքի ընկնել Ռուսաստանի հասցեին հնչեցրած միանշանակ չընկալվող հայտարարություններով։ Մանրամասները ներկայացվում է ՌԵՆ TV-ի թղթակից Վիտալի Խանինի ռեպորտաժում։ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, հարցազրույցում իրադարձությունները ներկայացրել է այլ լույսի ներքո․ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները նա որակել է որպես իրավախախտների դեմ պայքար, իսկ ընդդիմադիրների ձերբակալությունները՝ որպես հանցագործների պատասխանատվության ենթարկում՝ հերքելով դրանց քաղաքական դրդապատճառները։ Ռուսական մամուլը հղում է անում նաև «Ժողովուրդ» օրաթերթին։
«Միևնույն ժամանակ «Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ անգամ պատգամավորի մերձբալթյան գործընկերները զարմացած են եղել նրա ռուսաֆոբ բնույթի հայտարարություններից։ Ալեն Սիմոնյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է այդ խոսքերը՝ հայտարարելով, որ նման պնդումներ չի արել, և դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» թերթի դեմ։ Սակայն դատական նիստերը դեռ չեն սկսվել, իսկ գործի ելքը մնում է անորոշ, ինչը նրան հնարավորություն է տալիս այս քայլը ներկայացնել իր օգտին որպես փաստարկ»,- ասվում է ռեպորտաժում։ Հայաստանում՝ կարևոր ընտրություններից առաջ, քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսք առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Երկիրը կանգնած է ընտրության առաջ՝ որոշելու իր հետագա քաղաքական ուղղությունը։ Մի կողմից՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը վերջին տասնամյակում Հայաստանին ապահովել է զգալի տնտեսական արտոնություններ և աճ։
Մյուս կողմից՝ խորհրդարանն արդեն օրենսդրորեն ամրագրել է Եվրոպական միությանը ձգտելու ուղին։ Մինչ Ալեն Սիմոնյանը հանդիպումներ էր ունենում ռուս դիվանագետների հետ, Մոսկվայում Հայաստանի դեսպանատան պատուհանների տակ ընթանում էր ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Հայաստանում հոգևորականները պարբերաբար ձերբակալվում են և նույնիսկ դատապարտվում ազատազրկման։ Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ եկեղեցու նկատմամբ ճնշումները կարող են պառակտել հայկական հասարակությունը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























