ՀԻՇՈՒՄ Է
Արթիկից «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի կողմնակիցներին հեռացնում է աշխատանքից: Նշենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամյանն այս պաշտոնին հասել է ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի միջնորդությամբ, սակայն վերջին շրջանում նրա խոսքն էլ չի ընդունում: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Արսեն Աբրահամյանին: Վերջինս ասաց. «Հակառակը՝ Վարագյանի հորեղբոր դուստրն իմ ֆինանսիստն է, կինն աշխատում է մանկապարտեզում, եղբոր որդին նույնպես պետական հիմնարկում է: Կան նորմալ աշխատողներ: Ազգային պատկանելությունը կապ չունի, ովքեր թերանում են, անմիջապես ազատվում են աշխատանքից: Բայց իմ հրամանով կամ կարգադրությամբ, ինչքան հիշում եմ, Վարագյան ազգանունով որեւէ մեկը չի ազատվել աշխատանքից»:
ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հնարավոր է՝ նախօրեին Վրաստան ներմուծված հայկական կարտոֆիլը լաբորատոր փորձաքննություն անցնի երրորդ երկրում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնությունը: Հիշեցնենք, որ նախօրեին «Սադախլո» մաքսային անցակետով ՀՀ-ից 350 տոննա կարտոֆիլով բեռնված 14 մեքենա է մտել Վրաստան: Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության՝ անցակետում զննման ժամանակ հայտնաբերվել են կարտոֆիլի՝ Ralstonia solanacearum (գորշ փտում) վնասատու միկրոօրգանիզմներով վարակման նշաններ: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Վրաստանի տարածքում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքներով կարտոֆիլը վարակված ճանաչվելու դեպքում հայկական եւ վրացական կողմերի մասնակցությամբ համատեղ նմուշառում պետք է իրականացվի եւ ուղարկվի երրորդ երկիր՝ լաբորատոր փորձաքննության: Այսօրվա դրությամբ Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետում առկա է ՀՀ-ից արտահանված մոտ 350 տ կարտոֆիլ: Ըստ ՍԱՊԾ-ի տեղեկությունների՝ յուրաքանչյուր բեռնատարից վրացական կողմը նմուշառում է իրականացրել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության. այժմ սպասում են պատասխաններին:
ԲԱՆՈՒԳՈՐԾ ՉՈՒՆԵՆ
Այս տարվա դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը, ՀՀ կառավարության որոշմամբ, տեղափոխվել է 2013թ. դեկտեմբերի 28` շաբաթ օր: Հաստատվել են նաեւ եկող տարվա մեռելոցի օրերը: 2014թ. հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի եւ սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են փետրվարի 1, ապրիլի 26, մայիսի 31, օգոստոսի 2, օգոստոսի 23 եւ սեպտեմբերի 20` շաբաթ օրեր: