Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում որոշ առաջընթաց է գրանցվել։
Ինչպես հաղորդում է AZƏRTAC գործակալությունը, Ալիևը ապրիլի 22-ին, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են ավելի նորմալ միջավայրի ձևավորմանը։
Նրա խոսքով՝ «Սպիտակ տանը համատեղ հայտարարության ստորագրումից հետո» արձանագրվել են մի շարք դրական զարգացումներ։ Մասնավորապես, նշվել է, որ արդեն իրականացվում է առևտուր, և հատկապես Ադրբեջանից Հայաստան սկսել է վառելիքի արտահանումը։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մեդիայի միջև նույնպես տեղի են ունենում փոխադարձ այցելություններ և հանդիպումներ, որոնք, ըստ նրա, նպաստում են հարաբերությունների կարգավորմանը։
Անի Վարդանյան





























