Հունիսի 10-ին՝ ժամը 11:12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։
ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ։
Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը, ստացել էին վնասվածքներ։
Եվ ահա կրակոցների գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել Գևորգ Մանուկյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 10:41-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 175/23 հասցեում, հասարակական վայրում, ապօրինաբար Ժիրայր Սիսակի Շահբազյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինաբար ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող ակոսափող զենքից, իր համար ակնհայտ և գիտակցված այնտեղ գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 3 կրակոց է արձակել Ժիրայր Շահբազյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով պարանոցի աջ կեսի և կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր վիրավորումների ձևով առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ օրից։ Սակայն Գևորգ Մանուկյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել՝ պայմանավորված մարմնական վնասվածքների բնույթով և ցուցաբերված բժշկական օգնությամբ։
Բացի այդ, Գևորգ Երջանիկի Մանուկյանի կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով Ժիրայր Շահբազյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու արդյունքում փամփուշտներից մեկը դիպել է տվյալ պահին առևտուր անելու նպատակով նույն վայրում գտնվող Հռիփսիմե Վարազդատի Հարությունյանի գլխին, որպիսի գործողություններով Գևորգ Մանուկյանը անզգուշությամբ Հռիփսիմե Հարությունյանի առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր՝ գլխի աջից ճակատ-գագաթային շրջանի հրազենային շոշափող վիրավորման, աջից գագաթոսկրի գծային կոտրվածքի ձևով առողջության ծանր վնաս։
Գևորգ Մանուկյանը կալանավորված է, և գործը ուղարկվել է դատարան։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․