Իրանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Գազայի հատվածում ռազմական գործողությունները, ապահովելու կայուն հրադադար և պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների մեղավորներին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին իր ելույթում նշել է, որ Գազան շարունակում է մնալ շրջափակման և ռազմական հարվածների տակ, իսկ հումանիտար մուտքի սահմանափակումները խորացնում են քաղաքացիական բնակչության տառապանքը։
Նրա խոսքով՝ խնդրի ցանկացած լուծում պետք է ներառի մշտական հրադադար, օկուպացիոն ուժերի դուրսբերում և անխոչընդոտ հումանիտար հասանելիություն՝ միաժամանակ հարգելով պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Իրավանին նաև մեղադրել է Իսրայելին տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների համար՝ նշելով Սիրիայում և Լիբանանում իրականացվող հարվածներն ու միջազգային իրավունքի խախտումները։
Բացի այդ, Իրանը պնդել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատասխանատու են Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների համար, որոնք, ըստ իրանական կողմի, հանգեցրել են հազարավոր քաղաքացիական զոհերի և ենթակառուցվածքների ավերման։
Ելույթի վերջում Իրանի ներկայացուցիչը մերժել է իր երկրի հասցեին հնչող մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն, և ընդգծել, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անդրադառնալ հիմնական պատճառներին։
Անի Վարդանյան





























