Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են ակտիվ տեմպերով՝ ընդգրկելով հարյուրավոր անձանց և բազմամիլիարդ դրամների պահանջներ։
Տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում դատախազության համապատասխան վարչությունում ստացվել է 146 զեկուցագիր՝ 180 անձի վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մարմիններից՝ 22 տեղեկանք։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում ընդունվել է 157 ուսումնասիրություն սկսելու որոշում, մինչդեռ 48 դեպքով որոշվել է ուսումնասիրություն չնախաձեռնել՝ հիմնականում ապօրինի գույքի նվազ շեմի կամ օրենքով նախատեսված այլ հիմքերի բացակայության պատճառով։
Հաշվետու տարում դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոցների կիրառման 60 դիմում, որոնցից 47-ը բավարարվել է ամբողջությամբ։ Միևնույն ժամանակ, 44 ուսումնասիրությամբ կազմվել է վերջնական եզրակացություն, և դրանցից 42-ով դատարան են ներկայացվել բռնագանձման հայցեր։
Դատարան ներկայացված և քննվող 38 հայցերով պետությունը պահանջում է բռնագանձել 230 անշարժ և 68 շարժական գույք, ինչպես նաև մասնակցություն 76 իրավաբանական անձում։ Միայն այդ գործերով դրամական պահանջը գերազանցում է 31,5 միլիարդ դրամը, իսկ ընդհանուր հայցագինը մոտենում է 36 միլիարդ դրամի։
Միևնույն ժամանակ, 2025 թվականին դատարանների կողմից քննված գործերով կայացվել է 7 վճիռ, որոնցից միայն 2-ն են բավարարվել մասնակի, իսկ 5-ը մերժվել են։ Դատախազությունը նաև կնքել է մեկ հաշտության համաձայնություն, որի արդյունքում պետությանը ենթակա է բռնագանձվել ավելի քան 87 միլիոն դրամ, որից տարվա վերջի դրությամբ արդեն վերադարձվել է շուրջ 65 միլիոնը։
Հատկանշական է, որ 2025 թվականին ուժի մեջ է մտել նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վերջնական վճիռը, որի հիման վրա պետությանն են անցել Երևանում և Կոտայքի մարզում գտնվող անշարժ գույքեր՝ շուրջ 300 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։
Ընդհանուր առմամբ, տարվա ավարտի դրությամբ դատարաններում քննվում է 155 հայց՝ շուրջ 595 միլիարդ դրամ ընդհանուր հայցագնով։ Այս գործերով դատախազությունը պահանջում է բռնագանձել ավելի քան 1460 անշարժ գույք, հարյուրավոր շարժական գույքեր և մասնակցություն 440 ընկերություններում։
Ա․ Վարդանյան





























